Ադրբեջանում լարված վիճակ է. ցույցերի մասնակիցները ներխուժել են խորհրդարանի շենք

Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունը գնալով սրվում է: Լույս հուլիսի 15-ին մայրաքաղաք Բաքվում` խորհրդարանի շենքի դիմաց ակցիայի մասնակիցները ներխուժել են խորհրդարանի շենք: Այս մասին տեղեկացնում է meydan.tv-ն:

Նրանք պահանջել են շարունակել հուլիսի 12-ից Հայաստանի Հանրապետության դեմ սկսված ռազմական գործողությունները Տավուշի ուղղությամբ:

Ցուցարարներին զսպելու համար ակցիայի վայր են ժամանել բազմաքանակ ոստիկանական ուժեր:

Ի դեպ խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցները չեն խոչընդոտել ցուցարարների մուտքը խորհրդարան, որը տեղի է ունեցել ժամը 4:00-ի մոտակայքում: Ներխուժումից 15-20 րոպե անց ոստիկանական ուժերը, մահակներ գործածելով, դուրս են հանել ցուցարարներին խորհրդարանի շենքից և ձերբակալել մի քանիսին:

Ցուցարարները ոստիկանական մեքենա են շրջել: Խորհրդարանի առջև մնացած ցուցարարներին ոստիկանները ցրել է ջրցան մեքենաների միջոցով:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Հրադարարի խախտումը պարբերաբար կրկնվել է հուլիս 13-ին և 14-ին: Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է: 

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4: