Ադրբեջանցի մոդել Կամի Օսմանին խայտառակել են հայերի հանդեպ սիրո համար

Ամերիկացի մոդել, ադրբեջանուհի Կամի Օսմանը հայտնի է Քիմ Քարդաշյանի հետ իր նմանությամբ. համենայնդեպս, նա ամբողջ կյանքում ձգտում է դրան եւ իրեն նման է համարում հայտնի հայուհուն։ Իր Instagram-ում նա հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի վերաբերյալ իր վերաբերմունքն է հայտնել։

«Սերը բուժում է ամենախորը վերքերը։ Սիրեք, այլ ոչ թե կռվեք»,- այսպես է մակագրել նա իր լուսանկարը՝ գրառումն ուղեկցելով Հայաստանի, Ադրբեջանի դրոշներով եւ սրտով։

«Քաղաքականությունը իմը չէ ։ Ուզում եմ ասել, որ մենք պետք է սիրենք եւ հարգենք միմյանց։ Ես սիրում եմ իմ հայ ընկերներին, շատ հայ հետեւորդներ ունեմ։ Նրանք ինձ համար եղբայրներ եւ քույրեր են, եւ ես ամեն ինչի պատրաստ եմ հանուն նրանց», — ասել է մոդելն իր միկրոբլոգի սթորիզ բաժնում՝ հավելելով, որ չի աջակցում կողմերից ոչ մեկին, այլ պարզապես խաղաղության կոչ է անում երկու ժողովուրդներին․․․

«Խնդիրը ոչ թե մարդկանց մեջ է, այլ քաղաքականության․․․ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է պատերազմեն միմյանց հետ», — իր խոսքը եզրափակել է մոդելը։

Ադրբեջանական ազգանուններով օգտատերերը չեն թաքցրել իրենց վերաբերմունքը Կամիի նկատմամբ։ «Դու վախենու՞մ ես հայերից»,- մեկնաբանություններում հարցրել է Aliyev emil-ը։ «Ասա, որ ադրբեջանցիները պետք է հաղթեն։ Դուք դավաճան եք: Դուք պետք է ամաչեք», — գրում են elcinquliyev-ը եւ semraslanova-ն։