Ազգեր, որոնք վերացման եզրին են. դրանք ընդամենը հարյուրավոր բնակիչներ ունեն

Աշխարհում կան բազմաթիվ ինքնուրույն ցեղեր, որոնք պահպանել են իրենց կենցաղն ու ավանդույթները՝  հեռու մնալով ժամանակակից աշխարհից : Սրանք այն ազգերն են, որոնք գտնվում են բնաջնջման եզրին. ոմանք՝ բառացիորեն, քանի որ նրանցից մնացել են մի քանի հարյուրներ , ոմանք՝ մշակութային տեսանկյունից, քանի որ երիտասարդները լքում են իրենց տները, իսկ ավանդույթներն ու սովորույթները՝ վերանում :

Կորովայ ցեղը, օրինակ, ծառերին՝ 6-12 մ բարձրությության վրա, տներ կառուցելու հետաքրքիր ավանդույթ ունի : Նրանք ապրում են ծառերի վրա, որպեսզի մութն ընկնելուց հետո խուսափեն զոմբիների և կախարդների ենթադրյալ հարձակումներից : Յուրաքանչյուր տուն պահպանվում է մեկ տարի, իսկ հետո հարկավոր է կառուցել նորը, հետևաբար այստեղ ժամանակը  որոշվում է տներով, որոնցում ապրել է մարդը : Օրինակ, ժամանակի մի մասը կարելի է նկարագրել այդ ընթացքում փլուզված տների քանակով : Այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են ծնունդը, մահը, ամուսնությունը կամ սպանությունը, կատարվել են որևէ տան ժամանակ : Դարը կազմավորվում է իրադարձություններից, որոնք կատարվել են, երբ տների շարքերը բնակեցված են եղել :

Ցեղի անդամները կրում են միայն բանանի ծառի տերևներից պատրաստված կիսաշրջազգեստներ, սնվելու համար հավաքում են բանաններ, որսում վայրի կենդանիներ :

Այս ցեղը լիովին բացահայտել են 1970-ական թվականներին, երբ մարդաբանները եկել են հետազոտելու նրանց, և, ինչպես պարզ է դարձել, նրանք չեն իմացել արտաքին աշխարհի գոյության մասին : Այժմ իրավիճակը փոփոխվում է և երիտասարդները գնում են տարբեր բնակավայրեր՝ կազմակերպված հոլանդացի միսիոներների կողմից : Ակնկալվում է, որ հաջորդ սերնդում նրանց մշակույթը ամբողջովին վերացած կլինի :

Իսկ ահա Լիվերը ծայրաստիճան քիչ բնակչություն ունեցող ազգ է, որը բնակվում է Լատվիայի տարածքում : Հինավուրց ժամանակներում լիվերի հիմնական զբաղմունքները եղել են ծովահենությունը, ձկնորսությունը և որսը : Այսօր տեղի ժողովուրդը գրեթե ամբողջովին ձուլվել է : Պաշտոնական տվյալների համաձայն՝ ցեղում մնացել է ընդամենը 180 մարդ : Լիվերին ամենամոտ գտնվող մարդիկ ժամանակակից էստոնացիներն են, նրանց մայրենի լեզուն գործնականորեն վերացել է. մի քանի տարի առաջ մահացել են վերջին ներկայացուցիչները, որ մանկուց  խոսում էին այդ լեզվով : Սակայն լիվերը չեն հանձնվում և փորձում են պահպանել իրենց մշակույթը՝ սովորելով մայրենի լեզուն և ամսագրեր հրատարակելով :