Այսօր բախտորոշ օր է

1in.am-ը գրում է՝

Նոյեմբերի 3-ը կարևորագույն նշանակության օր է միջազգային հարաբերությունների, այդ թվում նաև անվտանգային միջազգային համակարգի ընթացիկ և հեռանկարային իրողությունների, և այդ համատեքստում նաև, թերևս, մեզ պարտադրված թուրք-ահաբեկչական պատերազմի առումով:

Խոսքը Միացյալ Նահանգներում նախագահի ընտրության մասին է, որը, առանց չափազանցության, թերևս ամենաթեժն ու վճռորոշն է Նահանգների պատմության համար: Իսկ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունը՝ թե՛ իր ընթացքով, թե՛ իր արդյունքով, անկասկած համաշխարհային նշանակության իրողություն է, հաշվի առնելով Նահանգների դերը՝ որպես միակ գերտերություն, ինչպես նաև այն շեշտադրումները, որ այս ընտրական գործընթացի համատեքստում արվում էին Նահանգների աշխարհաքաղաքականության տեսանկյունից: Ընդ որում, դրանցում էական տեղ ուներ նաև Արցախին ու Հայաստանին, նաև Կովկասին պարտադրված պատերազմն ու դրա հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքը:

Հիշենք, որ դեմոկրատական թեկնածու, Օբամայի վարչակազմի շրջանում փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարություն-քննադատությունից հետո, որ Սպիտակ տունն ու Թրամփը անձամբ պետք է զբաղվեն պատերազմը կանգնեցնելու հարցով, աշխուժություն ցուցաբերեց ԱՄՆ վարչակազմը, ինչը վկայում է, թե հարցը որքան զգայուն է գնահատվել նախընտրական տեսանկյունից առնվազն: Թրամփը կմնա՞ Սպիտակ տանը, թե՞ ԱՄՆ նախկին փոխնախագահը կվերադառնա իշխանության արդեն նախագահի կարգավիճակով: Այդ հարցը էապես կարող է կանխորոշել նաև միջազգային հարաբերությունների հետագա ընթացքը, հաշվի առնելով Թրամփի, մեղմ ասած, հակասական քաղաքականությունը կամ, մեծ հաշվով, «ապաքաղաքականությունը», որը առաջ է բերել մի շարք վակուումներ միջազգային հարաբերություններում, ստեղծելով դրանցում մեծ ու փոքր տարբեր փլուզումներ:

Մյուս կողմից, Թրամփը այդ իմաստով գուցե կատարում է սպառված, արժեզրկված, քայքայված միջազգային հարաբերությունների յուրօրինակ սանիտարի դեր և, ըստ այդմ, բարդ է ասել, թե որ տարբերակն է նախընտրելի՝ Թրամփը մնա և ավարտի՞ իր գործը, ավելի արագացնելով այն, թե՞ Բայդենը վերադառնա և, ըստ էության, առաջանա համաշխարհային կացութաձևերի կարկատանի վտանգ:

Մեզ բնականաբար հետաքրքրում է այն, թե Վաշինգտոնը որ ելքի պարագայում ինչ վերաբերմունք կունենա Կովկասի, արցախյան հարցի և դրանում Թուրքիայի հավակնությունների հանդեպ: Իհարկե, այդ հարցերն էլ իրենց հերթին պայմանավորված են լինելու, թե ինչպիսին կլինի Վաշինգտոն-Մոսկվա, Վաշինգտոն-Թեհրան հարաբերության հեռանկարն ու բնույթը, բովանդակությունն ու վեկտորը:

Իհարկե, դա, որպես նվազագույն միջավայր, քանի որ կովկասյան ռեգիոնում բավականին շոշափելի խաղացող է դարձել նաև Իսրայելը, և միաժամանակ բավականին խոսուն լռություն է պահպանում Պեկինը: Այդ ամենով հանդերձ, ԱՄՆ ընտրության աննախադեպությունը նաև այն է, որ, կարծես թե, առաջին անգամ հնչել են հայտարարություններ, որտեղ առնվազն ուրվագծի մակարդակով ենթադրվել է, որ կարող է վիճարկվել ընտրության արդյունքը: Հաշվի առնելով այն, որ գործընթացն էլ ուղեկցվել է տարբեր քաղաքներում արդեն իսկ ամիսներ ընթացող անկարգության բռնկումներով, այսպես ասած՝ այլ թեմաներով, ինչը, սակայն, իր ազդեցությունն է թողնում ընտրական մթնոլորտի վրա, ապա նոյեմբերի 3-ն իսկապես, առանց չափազանցության, բախտորոշ կարող է լինել մոլորակի համար:

Պետք է հուսալ, որ ԱՄՆ-ն, չնայած աննախադեպ լարվածությանը, իրավիճակը կհաղթահարի պետական ինստիտուցիոնալության ավանդական հաղթանակով: