Այս ցեղի տղամարդիկ երբեմն իրենց կնոջը «պարտքով» տալիս են եղբորը. ինչո՞ւ

Բաննա՝ ցեղ, որն ապրում է Եթովպիայի հարավում ու առանձնանում իր չափազանց տարօրինակ ավանդույթներով, որոնք շատերիս կզարմացնեն։ 

Բաննա ցեղի ներկայացուցիչներն այնքան էլ շատ չեն։ Նրանք ապրում են խմբերով՝ ընտանիքներով ու հիմնականում զբաղվում անասնապահությամբ։ Այն վայրերը, որտեղ ցեղը տեղակայվում է (դրանք հիմնականում փոքր գյուղեր են), իրենց կենտրոնում պարտադիր խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված տարածք ունեն։ Այդ տարածքում նրանք պահում են իրենց անասուններին, ու տղամարդիկ էլ հաճախ քնում են հենց նրանց կողքին։ 

Ցեղի՝ տուն կառուցելու ավանդույթն ամենահետաքրքիրներից է։ Երբ բաննան տեղափոխվում է մի ուրիշ վայր, սկսում է ծղոտե տներ պատրաստել։ Տան կառուցումը սկսվում է կնոջ անկողնուց։ Այո՛, այո՛, սկզբում տեղադրվում է կնոջ անկողինը, որի շուրջն էլ կառուցվում է նոր տունը։ Ինչպես արդեն նշեցինք, տղամարդը, չնայած որ իր տեղն է ունենում տան մեջ, մեծ մասամբ նախընտրում է քնել դրսում։ 

Այս ցեղում վստահ են, որ տղան տղամարդ է դառնում 13 տարեկանում։ Այս տարիքից սկսած՝ ցեղում սկսում են տղային տղամարդ դարձնելու արարողակարգերը։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ տղայի վրա սպիներ են անում, հետո՝ նրան ներկում վառ ներկերով։ Դրանից հետո կազմակերպվում է հատուկ փորձություն՝ պարզելու համար՝ արդյո՞ք տղան պատրաստ է տղամարդ դառնալու բարդ պարտականությանը։ 

Այսպես՝ նա պետք է վազի ցլի մեջքին հենված ու հաղթահարի որոշակի տարածություն։ Եթե դա նրա մոտ ստացվում է, ուրեմն՝ նա արդեն կարող է անգամ ամուսնանալ, իսկ եթե ոչ, ապա ցեղի ներկայացուցիչները նախընտրում են ևս մեկ տարի սպասել, մինչև որ նա կկարողանա արդեն լիովին հաղթահարել փորձությունները։ 

Այստեղ ցեղի ավագի տղան կարող է ամուսնանալ միաժամանակ 30 աղջկա հետ։ Մյուս ներկայացուցիչները առավելապես կարող են ունենալ 4-5 կին։ Այս 4-5 կանանց տղամարդը պարտավորվում է պահել, որքան հնարավոր է, լավ պայմաններում։ 

Սակայն հատկապես հետաքրքիր է կնոջը «պարտքով տալու» ավանդույթը։ Այս ավանդույթի համաձայն, եթե տղամարդը երկար ժամանակ պետք է բացակայի տնից, նա իր կնոջը «պարտքով» տալիս է իր եղբորը։ Այսպես նա վստահ է լինում, որ կինն ապահով ձեռքերում է, ու անհանգստանալու կարիք չկա։ Եթե ամուսինն ունի մի քանի կին, ապա նա կա՛մ կարող է պարտքով բոլորին տալ եղբորը, կա՛մ, եթե եղբայրը ի վիճակի չէ բոլոր այդ կանանց պահանջները բավարարել, պարտքով տալ իր մյուս բարեկամ տղամարդկանց։ 

Եթե ցեղի այդ ներկայացուցիչն այդպես էլ չի վերադառնում իր երկարատև ճամփորդությունից, նրա կանայք փոխադրվում են հենց այն մարդկանց, ում տղամարդը վստահել է իր մեկնումից առաջ՝ դառնալով հենց այդ մարդկանց կանայք։ Սա, ըստ նրանց մտածելակերպի, օգնում է, որ ոչ մի կին մենակ չմնա, ինչը շատ կարևոր է ցեղի համար։