Անգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են

Newmedia.am-ը գրում է՝

Կոմպոզիտոր և երաժշտական մեկնաբան, Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանը ներկա է եղել դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր` /Թամարայի / Տոմայի և նրա ընտանիքի անդամների հոգեհանգստին:

Ընտանիքի 4 անդամների հոգեհանգիստը կայացել է երեկ, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում:

Տեղում է եղել նաև մեր նկարահանող խումբը, սակայն լրատվամիջոցներին թույլ չի տրվել նկարահանումներ իրականացնել:

Newmedia.am-ի հետ զրույցում Նաիրա Դիվանյանն ասաց, որ անգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի կարողացել մեղմել ընտանիքի, հարազատների, գործընկերներ-արվեստագետների զգացմունքային հրաժեշտը։

«Սարսափելի է տեսնել նույն տեղում և նույն ընտանիքից 4 դի: Այն էլ Ալլայի ու Արմենի էդքան ջերմ ու պինդ ընտանքից։ Ուզում եմ հավատալ, որ Աստծո նախախնամությամբ, իրար հետ ժամեր ու օրեր հրաշալի վայելելով, Տաթևի վանքում վերջին Օրհնությունը ստանալուց հետո այս համերաշխ, բարի, լուսավոր էակները, այս Սեր տարածող մարդիկ պիտի միասին ու համերաշխ դառնային հրեշտակներ։ Պարզապես մեզ՝ ապրողներիս համար շատ դժվար պիտի լինի»,- ասաց Նաիրա Դիվանյանը:

Մեր զրուցակիցը դերասանների դստերը և նրա ընտանիքին ճանաչում է 8 տարի:

Տոման խմբավար էր, դասավանդում էր Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլլեջում և Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցում:

Նաև երաժշտական համարներ էր պատրաստում Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի երիտասարդական ստուդիայի սաների հետ։

Եվ դպրոցի, և Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներին կենսուրախ Տոման մշտապես տարբերվում էր իր ակտիվ, պրպտող ծրագրերով։ Նա շատ կիրթ ու նուրբ ճաշակի երաժիշտ էր։ Նրա բեմադրած մյուզիքլները, համերգային համարները տոնի էին վերածում սովորակն ուսուցողական պրոցեսը։

Դերասանները երկու դուստր ունեն։ Նաիրա Դիվանյանին միշտ հիացրել է  Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի  առանձնահատուկ տաք վերաբերմունքը Տոմայի նոր ձեռնարկած, անիրականանալի թվացող պրոեկտներին։

Կարծես, մի մարդու պես անցնեին այդ ամենի միջով ու, ի վերջո, հպարտանային իրենց սիրելի Տոմայի իրականացրած հերթական նախագծով։

Ի դեպ, այդ ամենին ոչ պակաս մասնակցություն էր բերում նրա ամուսինը /իր ձեռքով մեզ անհրաժեշտ դեկոր պատրաստելուց մինչև երգչախմբին քաղաքից քաղաք տեղափոխելը/։

Դերասանի համար հուսանք, որ  սիրելի դստեր, թոռների և փեսայի մահը չափազանց վտանգավոր հետևանքներ չի ունենա։ Հիշեցնենք, որ վերջերս էին վիրահատել  Արմեն Մարությանի սիրտը։

Կինը` Ալլան, այս աննկարագրելի հարվածից, կարծես, կտրված լինի իրականությունից:

Տոմայի որդիներից 15-ամյա Նարեկը հաճույքով կիթառ էր նվագում, օրեր առաջ ստացավ ավարտական վկայականը։ Այնուամենայնիվ որոշել էր ատամնաբույժ դառնալ։

9-ամյա Արմենչոն էլ հայրիկի ընդունակություններն էր ժառանգել՝ լավ մաթեմատիկա գիտեր ու արդեն նկարում էր։ Նրանք Արմեն պապիկի թուլություններն էին։

Տոմայի ամուսինը` Միրանը, որ ճարտարապետ է, նույնքան հարված հասցրեց մայրիկին ու քրոջը, ինչպես նաև իր մեծաթիվ ու նվիրված ընկերությանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դերասաններ Արմեն Մարությանի  և Ալլա Վարդանյանի դուստրը ընտանիքով վթարի է ենթարկվել:

Վթարի հետևանքով տեղում մահացել են Toyota-ի վարորդ Միրան Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարությանը և նրանց  երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։