Անկարայում խոստացել են ուժեղացնել ճնշումը ԱՄՆ նոր վարչակազմի վրա` Ֆեթուլլահ Գյուլենին իրենց արտահանձնելու նպատակով

Թուրքիան մտադիր է մեծացնել ճնշումը ամերիկյան նոր վարչակազմի վրա՝ ձգտելով ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Թուրքիայի տեսանկյունից ոչինչ չի փոխվում:

Հաղորդակցման ուղիները կրկին նույն կերպ են աշխատելու: Մեզ մոտ հեղաշրջման փորձ է եղել: Դրա կազմակերպիչը ԱՄՆ-ում է: Նրա արտահանձնումը խնդրելուց ավելի բնական բան չկա: Այս գործընթացը կշարունակվի երկրի նոր ղեկավարության հետ: Մենք կավելացնենք մեր ճնշումը այս հարցի շուրջ»,-ասել է Օքթայը: Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:

Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 284 ձայն (ընտրվելու համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն), մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն չի ընդունում պարտությունը և հայտարարել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ ձայների մեծ առավելությամբ հաղթանակ է տարել երկրի ղեկավարի ընտրություններում: