Աննա Հակոբյանը փորձում է, բայց չի կարողանա կրկնել Մեհրիբան Ալիևային

Politik.am-ը գրում է․

Այս օրերին հայաստանյան հանրությունը ակտիվորեն քննարկում էր մի լուսանկար, որը հրապարակվել էր ՀՀ գործող վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից, եւ որտեղ պատկերված է, թե ինչպես է ԱԻՆ մի աշխատակից պատվի առել Աննա Հակոբյանին եւ կարծես թե ինչ որ բան էր զեկուցում։

Լուսանկարն ինքնին մեծ դրամա չի ներկայացնում իրենից, եւ հասկանալի է, որ որպես վարչապետի տիկին, առ ի հարգանս երկրի վարչապետի կամ վարչապետի ինստիտուտի, կարելի է պատվի առնել, սակայն զեկուցելը մի փոքր անհասկանալի է, քանի որ ի վերջո, Աննա Հակոբյանը չունի պետական կառավարման համակարգում որեւէ կարգավիճակ, որը օրենքով է սահմանված, եւ որի համեմատ էլ նրան կարելի լինի ինչ որ բան զեկուցել, ինչը մեծ հաշվով զինվորական կարգ է։

Հետաքրքրական է, որ հասարակությունը առանձնապես դրական չվերաբերվեց լուսանկարին, ավելին այն հերթական անգամ Փաշինյան-Հակոբյան ընտանիքին դարձրեց քննադատությունների թիրախ։ Հետաքրքրական է նաեւ այն, որ լուսանկարը հենց Աննա Հակոբյանն էր հրապարակել։ Որպես տարիների փորձ ունեցող լրագրող եւ խմբագիր, տիկին Հակոբյանը անշուշտ հասկանում է հանրային տրամադրությունները եւ հնարավոր արձագանքները, նաեւ, թե քայլը անելիս ինչ հնարավոր հետեւանքներ կարող են ունենալ։ Սա ի նկատի ունենալով, զարմանալի է, որ նա հրապարակել է լուսանկար, երբ լավ գիտեր, որ այն քննադատության թիրախ է դառնալու եւ նաեւ ինչ որ առումով հարվածելու է ամուսնու վարկանիշին, սակայն այդ ամենով հանդերձ հրապարակել է։

Ընդհանրապես, եթե ուշադիր լինենք, Աննա Հակոբյանը փորձում է ամեն կերպ ցույց տալ, որ ինքը ինքնուրույն քաղաքական ակտոր է հայաստանյան քաղաքական բեմահարթակին եւ փորձում է իր խաղը վարել։ Մեր ռեգիոնում թերեւս միայն Մեհրիբան Ալիեւան է, որ բացահայտ քաղաքական ամբիցիաներ է ցուցաբերում, սակայն տիկին Հակոբյանի համար առնվազն միամտություն է Մեհրիբան Ալիեւայի հետ համեմատվելը, որովհետեւ նախ Մեհրիբան Ալիեւան ունի կարգավիճակ Ադրբեջանի պետական կառավարման համակարգում եւ որպես առաջին տիկին եւ որպես երկրի առաջին փոխնախագահ։ Բացի այդ, նա ներկայացնում է Փաշաեւների կլանը, որը Ադրբեջանում այսօր ունի ամենամեծ ազդեցությունը, կամ ամենամեծ ազդեցությունն ունեցողներից է։ Իլհամի եւ Մեհրիբանի ամուսնությունը նույնիսկ եղել է դինաստիական ամուսնություն եւ այդ ամուսնությամբ լուծվել է Փաշաեւների եւ Ալիեւների միջեւ եղած տեւական հակասությունը։

Այս ամենը հաշվի առնելով պետք է արձանագրենք, որ Աննա Հակոբյանը ոչ մի շանս չունի ներքաղաքական կյանքում առանձին դերակատարում ունենալու։ Քաղաքական դաշտում իր միակ առավելությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը լինելն է, որը կավարտվի, երբ վերջինս դադարի վարչապետ լինել։ Աննա Հաբոբյանի կողմից հիմնած երկու հիմանդրամներն անգամ իրենց գոյությամբ պարտական են Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը։ Այստեղ Աննա Հակոբյանին «քոմագ» չի կարող անել անգամ քաղաքականությունից հեռու, բայց պատգամավորի մանդատ ունեցող իր եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը։

Ի դեպ կան տեղեկություններ, որ իշխող թիմում Աննա Հակոբյանի ակտիվությունը դժգոհությունների առիթ է տվել, սակայն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը նման մի դժգոհության արտահայտման ժամանակ ասել է, որ Աննային ինքը չի կարող արգելել զբաղվել քաղաքականությամբ, երեւի նկատի ունենալով, որ որպես լրագրող եւ խմբագիր Աննա Հակոբյանը քաղաքական թեմաների մասին հոդվածներ է գրել, ու այդ կերպ քաղաքական գործունեություն իրականացրել, սակայն այս հիմնավորումը թույլ է չափազանց։

Ի դեպ, ժամանակ առ ժամանակ ակտիվություն ցուցաբերող Գոհար Աբաջյանին, Արարատ Միրզոյանի տիկնոջը եւ մյուս իշխանական տիկնանց, կարծես թե հաջողվել է որոշակիորեն հեռացնել քաղաքական պրոցեսներից։ Ըստ էության Աննա Հակոբյանը միակն է` ում ամուսինը չի կարողացել հեռու պահել նրան քաղաքական գործընթացներից։