Անպատասխանատվության դրախտն ու պատասխանատվության դժոխքը. ով որտեղ է

Ռազմական և ռազմաքաղաքական պարտության պարագայում իշխանափոխության քաղաքական խնդրի ձևակերպումը միանգամայն բնական և օրինաչափ իրողություն է: Տարօրինակ կլինի երկրում քաղաքական օրակարգում այդպիսի խնդիր չձևակերպելը: Պարտության համար քաղաքական պատասխանատվություն, ընդհանրապես երկրի անվտանգության համար քաղաքական պատասխանատվություն ունեցող ուժի առաջ պետք է դնել այդպիսի խնդիրներ:

Այստեղ կա երկու հանգամանք՝ այդ խնդիրները պետք է դնել բացարձակապես առանց որևէ բռնության և երկրի կայունության ու կառավարման ընթացքի խաթարման որևէ ռիսկի: Առավել ևս, որ Հայաստանն ունի լուծելու ահռելի խնդիրներ՝ կապված թե՛ Արցախի հետ, որտեղ պատմությունը ոչ թե ավարտվել է, այլ մտել նոր՝ ավելի բարդ, ծանր, բայց նոր շրջափուլ, և թե՛ ընդհանրապես հայկական պետականության ներկայի ու ապագայի:

Միևնույն ժամանակ իշխանափոխության հարցը այս պահին Հայաստանում պետք է դիտարկվի զուտ միջոցի տրամաբանության շրջանակում: Ինչ հարցեր կան Հայաստանի համար հրատապ լուծման ենթակա, և որքանով է այդ հարցերի լուծմանը նպաստելու իշխանափոխությունը: Տվյալ պարագայում վիճակը ավելի պարզ է՝ իշխանափոխությունը որքանով է նպաստելու հայտնի եռակողմ համաձայնությամբ հանձնվելիք տարածքները պահելուն, առնվազն գոնե ռուս խաղաղապահների ազդեցության գոտի, որպեսզի այդտեղ չմտնի Ադրբեջանը: Լուծելի՞ են այդ խնդիրները, ի՞նչ տիրույթում, դրա համար պետք է իշխանության փոփոխություն կամ իշխանության փոփոխությա՞ն գործընթաց, թե՞ կան այլ լուծումներ, և ըստ այդմ՝ այս պահին պետք է զբաղվել դրանով, ոչ թե իշխանության փոփոխությամբ:

Հարցերը, դիտարկման ենթակա սխեմաներն ու մեխանիզմները շատ են: Մի բան թերևս անկասկած է, որ այստեղ Հայաստանի հանրության տրամադրությանն ու գնահատականին զուգահեռ վճռորոշ է լինելու Ռուսաստանի դերը: Գնալով եռակողմ համաձայնագրի և ստանձնելով դրա մոդերատորությունը՝ Ռուսաստանն անկասկած դրա այս կամ այն ընթացքը չէր թողնելու Հայաստանում ներքին իրավիճակի անկանխատեսելիության կանխավարկածի: Չմատնենք մեզ մոլորության: Իր հերթին, իշխանափոխության պահանջի տրամաբանականությունն ունի այլ համատեքստ կամ ասպեկտ: Հայաստանին գործնականում պարտադրվել է մի հարցի լուծում, որը այս կամ այն կերպ, ուղղակի թե անուղղակի, բարձրաձայնված, թե ոչ, բեռ է դիտարկվել հիմնական քաղաքական բոլոր դերակատարների համար: Միևնույն ժամանակ գրեթե բոլորի համար այդ բեռի լուծող դիտարկվել է Ռուսաստանը:

Հիմա Ռուսաստանի նախաձեռնությամբ մի իրավիճակ է, որում արդեն ներքին խաղացողները կարող են տեսնել սեփական քաղաքական խնդիրների լուծման առավել անկաշկանդ և պատեհ հնարավորություններ, քանի որ «բեռից ազատվելու» պատասխանատվությունը մնաց Նիկոլ Փաշինյանի վրա, և հիմա Հայաստանում «դե ֆակտո» անպատասխանատվության քաղաքական դրախտ է: Ահա նաև այդ պատճառով է, որ իշխանափոխությունը պետք է դիտարկվի շատ կոնկրետ խնդիրների լուծման համատեքստում, ըստ այդմ՝ այդ շատ կոնկրետ խնդիրների լուծման առաջարկների, հանձնառությունների և պատասխանատվության:

Քաղաքական տոտալ անպատասխանատվության մթնոլորտը, որ Հայաստանում իշխել է առաջին հաղթանակից հետո մինչ պարտված պատերազմի առաջին օրը, բերել է գործնականում այդ ցավագին և ամոթալի պարտության: Հիմա ժամանակն է, որ Հայաստանում պարտվի քաղաքական անպատասխանատվությունն ու հաղթի պատասխանատվությունը, ում դեմքով ուզում է դա տեղի ունենա: