Աշակերտները շաբաթ օրը ևս կհաճախեն դպրոց. ի՞նչ է սպասվում աշխատող ծնողներին

Հայաստանի կրթական ոլորտը, համաճարակով պայմանավորված, երբ անցում կատարեց հեռավար ուսուցման, հասարակության մեծամասնությունը դեմ արտահայտվեց այդ որոշմանը: Հիմա, երբ արդեն որոշված է կրկին անցում կատարել առկա ուսուցմանը՝ հաճախել դպրոցներ և համալսարաններ, հասարակությունը կրկին դժգոհ է:

Կրթական ոլորտում այս անգամ էական փոփոխություններ են սպասվում ոչ միայն ուսանողներին, այլև աշակերտներին: Աշակերտները, հնգօրյա դասապրոցեսի փոխարեն, կանցնեն վեցօրյա՝ կրճատված դասաժամերի պատճառով: Եվ դասապրոցեսի ընթացքում նրանք պարտադիր պետք է կրեն դիմակներ: Վեցօրյա դասապրոցեսի կազմակերպմումը մեծ դժգոհություն է առաջացրել հատկապես այն դպրոցականների ծնողների շրջանում, որոնք աշխատում են և ստիպված  զրկվում են իրենց հանգստյան օրից:

ԼՈՒՐԵՐ.com-ը կատարված փոփոխությունների վերաբերյալ զրուցեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, որը նշեց, որ սխալ է վեցօրյա դասապրոցեսի կազմակերպումը. «Այս իրավիճակում, ընդհանրապես, ցանկալի չէ վեցօրյան: Դեռ բացառենք աշխատող ծնողների հանգստի իրավունքից զրկվելը, անհարմար կլինի հատկապես երթևեկող ուսուցիչների և աշակերտների համար: Մեկ լրացուցիչ օր դասի կամ աշխատանքի գալը մեծացնում է վարակվելու ռիսկը: Չնայած, որ աշակերտների ծանրաբեռնվածությունը չի մեծանում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ սխալ է այդ որոշումը. ապացուցված է՝ 2 օր հանգստանալը շատ ավելի արդյունավետ է»,- նշեց կրթության փորձագետը:

Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ  դասապրոցեսի ժամանակ աշակերտների դիմակ կրելուն. «Աշակերտների դիմակ կրելը, կարծում եմ ամենակարևոր հարցերից մեկն է՝ ո՞րն է ավելի արդյունավետ դիմակով դասի գնալը, թե՞ առանց դիմակի հեռավար դասապրոցես անցկացնելը: Իհարկե, դիմակի կրումը կարող է ունենալ վատ արդյունք, օրինակ՝ կարող է ազդել երեխայի շնչառության վրա, և դրանից նրա ուշադրությունը շատ հնարավոր է, որ ավելի վատ կենտրոնանա և ավելի վատ հասկանա ուսումնական ծրագիրը»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:

Ըստ նրա՝ բարձր դասարանցիների դիմակ կրելը կարող է խանգարել  դասապրոցեսի հարթ ընթացքին. «Իհարկե, բարձր դասարանցիները կփորձեն իջեցնել դիմակները՝ պատճառաբանելով, որ շունչը իրենց կտրվում է, իսկ ուսուցիչը կբարկանա, կասի՝ բարձրացրեք դիմակները: Սա էլ ավելորդ կոնֆլիկտ կառաջացնի ուսուցչի և աշակերտի միջև: Նաև գիտենք, որ սեպտեմբեր ամսին դասասենյակներում շատ շոգ է լինում, որը ավելի է բարդացնում նրանց դիմակ կրելը: Ես այն կարծիքին եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ դպրոց գնային1-4 դասարանները, և գյուղերի փոքր դպրոցները, որտեղ մինչև 200 հոգի աշակերտ կա»,- եզրափակեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: