«Առույգ կկանգնենք, որ թշնամին մեզնից վախենա». թեև Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը հրետակոծվում է, բայց բնակիչները մտադիր չեն լքել այն

Թշնամին հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը: Բնակավայրի վարչական ղեկավար Բենիկ Պողոսյանը «Զանգեզուր» ՀԸ եթերում հայտնել է, որ մոտ 10 տուն գնդակոծվել է, 1 անձ՝ զոհվել, կան վիրավորներ, նրանց վնասվածքները թեթև են:

Չնայած թշնամին գյուղն ինտենսիվորեն հրետակոծում է, գյուղացիները մտադիր չեն լքել գյուղը: «Մեր ժողովուրդը «դուխով» կանգնած է, պահում է իր սահմանը: Մենք հաստատ հետ չենք գնա, մեր սահմանները կպահենք, ի վերջո հաղթելու ենք:

Դավիթ Բեկի արծիվները հաստատ իրենց սահմանը չեն տա թուրքին»,-ասալ է Պողոսյանը:

Դավիթ Բեկ գյուղի բնակչուհի Լարիսա Հակոբյանը նշել է, որ թեև դժվար է, սակայն չեն պատրաստվում լքել բնակավայրը. «Ինչի՞ համար պետք է ես իմ հայրենիքը լքեմ, չեմ ուզում: Առույգ կկանգնենք, որ թշնամին մեզնից վախենա»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։