Ատոմակայանը կկանգնի 140 օրով. էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՞

1in.am-ը գրում է՝

Աննախադեպ երկար՝  140 օրով կանգնելու է Հայաստանի ատոմակայանի աշխատանքը։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։  Նա նշել է, որ ատոմակայանի կանգը նախատեսված էր 45 օրով, բայց տևելու է 140 օր։ «Բավական ծանր տարի է սպասվելու, այս պահին դեռ չեմ ուզում կոնկրետ թվային գնահատականներ տալ, բայց, այո, Հայաստանի էլեկտրական ցանցերի մասով ունենք խնայողություններ։ Կորուստները նվազեցվելու են շուրջ ավելի քան 2,5 տոկոսից, որը 4-5 մլրդ դրամ է։ Այսինքն՝ այդքան դրական խնայողություն ենք ունենալու, բայց միաժամանակ դրան զուգահեռ 2021 թվականին նախատեսվում են ատոմակայանի կյանքի երկարաձգման ամենամեծ աշխատանքները։ Եվ աննախադեպ երկար կանգնելու է ատոմակայանը՝ մոտ 140 օր՝ սովորաբար նախատեսված 45 օրվա փոխարեն։ Եվ իր կանգառի ժամանակ չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայով»,- նշել է Բաղրամյանը։

«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ նորմալ է, որ վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 45 օրը դարձել է 140 օր։ 140 օրն էլ երկար ժամկետ չէ, քանի որ ռեակտորի թրծում, ջերմային մշակում պետք է իրականացվի: «Դրա համար ամբողջ ռեակտորը դատարկվում է, և այն նորից թրծվում է, որպեսզի ռեակտորը դիմանա հետագա շահագործմանը։ Այդ իսկ պատճառով պետք է ատոմակայանը երկար ժամանակով կանգնի։ Ուրիշ երկրներում ատոմակայանը տարիներով են կանգնեցնում, որպեսզի նման աշխատանքներ իրականացվեն։ Իսկ մենք համ էլեկտրաէներգիա  ենք արտադրում, համ վերանորոգում ենք անում։ Հիմա մի անգամ պետք է 140 օրով կանգնի։ Նորմալ է այդ ժամանակը»,- ասաց Պետրոսյանը։

Մեր հարցին՝ ատոմակայանի նման երկար կանգը չի՞ անդրադառնա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վրա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ հարցերը կարգավորում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իրենք են հաշվարկները անում։ Ես կարծում եմ, որ 140 օրը այն ժամանակահատվածը չէ, որի պատճառով պետք է խնդիրներ ծագեն։ Մանավանդ այն պարագայում, երբ ատոմակայանի վերազինումից հետո ատոմակայանի հզորությունը մեծանալու է: Ատոմակայանի հզորությունը ավելանալու է 60 մեգավատով, և դրանից հետո ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրվի։ Ես համոզված եմ, որ այս աշխատաքնները ժողովրդի վրա չեն ազդելու»։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը, սակայն, այլ կարծիքի է: «Հայաստանի էներգետիկ անվտանգության մոդելի համաձայն՝ նման պայմաններում էլեկտրաէներգիայի գեներացման բեռն իր վրա են վերցնում ՋԷԿ-երը, որոնք, ինչպես գիտենք, էլեկտրաէներգիա են արտադրում Հայաստանում գործող ամենաբարձր սակագնով։ Այսպիսով, 2021-ը հիրավի լինելու է կրիտիկական Հայաստանի էներգետիկ համակարգի համար, որի թերևս ամենավտանգավոր արդյունքը կարող է լինել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը։

Վերջիններիս վրա, ի դեպ, տարեսկզբից գոյացել է հավելյալ բեռ՝ 2 դրամի չափով։ Այդ բեռի ավելացումը զսպելու համար անհրաժեշտ ռեսուրսներն այլևս սպառված են։ Ակնհայտ են նաև այն ռիսկերը, որոնք գեներացվում են ռուսական վարկից հրաժարվելու արդյունքում։ Համակարգում անհրաժեշտ է շոկային թերապիա»,- պնդում է փորձագետը։