Արա Աբրահամյանը կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակման փաստին ու խտրական վերաբերմունքին

Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակումների եւ խտրականության փաստին։

«Ինչպես գիտեք, այդ ամենը շարունակվում է արդեն ավելի քան մեկ շաբաթ ։ Մարդիկ զգացել են անպատժելիություն իրենց հայտարարություններում եւ վարքում․ ժամանակն անցել է, սկսվել են զանգվածային բախումներ։ Այժմ իրավիճակը գտնվում է նախագահի վարչակազմի հսկողության տակ, եւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են սփյուռքի հետ»,-ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ անգամ 90-ականներին ռազմական հակամարտության ժամանակ, այդպիսի ագրեսիա չի եղել։ Ներկայիս կոնֆլիկտը արհեստածին է, այն հրահրում են անպատասխանատու եւ ագրեսիվ հայտարարությունները։ Իսկ տեսահոլովակների տարածումը սրում է իրավիճակը։

Այդ հարցում հայերի դիրքորոշումը պարզ է՝ անթույլատրելի են սադրանքները, ինչպես նաեւ ինչ-որ մեկի իրավունքների ոտնահարումը։ Իսկ այստեղ խոսքը վերաբերում է ՌԴ-ում ապրող էթնիկ հայերի իրավունքների սահմանափակմանը։

Ռուսաստանը նրանց հայրենիքն է, եւ նրանք չեն կարող ենթարկվել խտրականության եւ ագրեսիայի որեւէ կողմից։

«Իշխանությունները պետք է խստորեն արձագանքեն ապակայունացման այդպիսի փորձերին: Իրականում մենք ուզում ենք երեք բան՝ առաջին հերթին կայունացում: Երկրորդ՝ իրավական մեխանիզմների մշակում՝ հետագայում այս իրավիճակի կրկնությունը կանխելու համար: Իշխանությունները պետք է կոշտ արձագանքեն նման բաներին: Երրորդ՝ հիմա բոլոր մեղավորներին պետք է պատժել»,- ասել է Աբրահամյանը:

Իր հերթին, ՌՀՄ-ը նաեւ աշխատանքներ է իրականացնում՝ հավաքել է մտավորականությանը, երիտասարդությանը, նրանց բացատրել, որ հարցը պետք է հանգիստ լուծվի:

«Որտե՞ղ է այս դեպքում Ադրբեջանը: Ինչո՞ւ չի հանդես գալիս հայտարարությամբ, որ ագրեսիան անընդունելի է»,- նշել է Աբրահամյանը:
Նա նաեւ հայտնել է, որ հայկական ապրանքների հետ կապված հարցը լուծվում է: «Ֆուդ սիթի» առեւտրային ցանցն արդեն սկսել է ընդունել հայկական բեռնատարներ, իսկ «Քո տունը» ցանցի հետ աշխատանքներ են տարվում: