Արձակուրդ էր եկել, երեխեքին կնքեց և գնաց, բայց… Հովհաննես Գրիգորյանի մասին պատմում են հարազատները

Արցախում զոհված քսանիննամյա ավագ-լեյտենանտ Հովհաննես Համլետի Գրիգորյանը Գյումրիից էր, ամուսնացած էր, ունի երկու երեխա: Նրա մտերիմ ընկերը՝ Արթուր Հակոբյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովհաննեսը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտել և որպես սպա՝ ծառայության էր անցել Արցախում:

«Մոտ չորս տարի առաջ էր ամուսնացել՝ Արցախում, ընտանիքի հետ միասին ապրում էր Մատաղիսում, կինն այնտեղից է: Տղան 2.5 տարեկան է, իսկ աղջիկը՝ երեք ամսական: Ծնողներն ու իրենից մեկ տարի փոքր եղբայրն այստեղ՝ Գյումրիում են ապրում»,- ասաց Հովհաննեսի ընկերը:

Վերջին անգամ Հովհաննեսը Գյումրիում եղել էր սեպտեմբերի սկզբին, արձակուրդ էր եկել, հասցրել էր նաև երեխաներին մկրտել. «Արձակուրդ էր եկել, երեխեքին կնքեց եւ գնաց: Գնալուց մոտ 15-20 օր հետո պատերազմը սկսվեց: Ծնողներն ու եղբայրն ավտոմեքենա էին նվեր առել, հենց 1-ինն իր ավտոն էլ տրաքացրել էին այնտեղ. Չվայելեց խեղճ տղեն»:

Ընկերը հայտնեց, որ Հովհաննեսի կոչումը բարձրացրել էին, կապիտան էր ստացել, բայց ամեն ինչ խառնվեց իրար. «Նոր էր նշանակվել կապիտան, պատերազմից 3-4 օր առաջ հանել էին Թալիշի պոստեր, ինքն ուսումնական գծով էր Մատաղիսում, սակայն չգիտեմ ինչի համար՝ հանել էին պոստեր, ասել էին՝ ժամանակավոր, մինչև գաս, հաստիքը փոխենք, այն էլ չհասցրեց… Շիրակի մարզի առաջին զո հերից էր:

Դեպքը երևի սեպտեմբերի քսանյոթի երեկոյան է եղել, որովհետև 29-ին արդեն բերեցին Գյումրի: Մինչև 27-ի ցերեկը հետը կապ է եղել, եղբոր, մոր, հորեղբոր աղջկա հետ էր խոսել, ասել էր՝ արագ հասեք, տնեցիքին տարեք, դե, Մատաղիսում էին ապրում»: Արթուրը պատմեց, որ ընկերը ծառայությունից երբեք չէր դժգոհում, բայց վերջին ամիսներին ուզում էր տեղափոխվել Հայաստան, քանի որ հայրը հաշմանդամության խնդիր ունի, ուզում էր ավելի մոտ լինել:

«Ուզում էր տեղափոխվել Հայաստան, այն էլ չհասցրեց… Պատերազմից որոշ ժամանակ առաջ դիմում էր գրել Պաշտպանության նախարարություն, որ ուզում է տեղափոխվել Հայաստան, բայց իր մա հանալուց հետո՝ մոտ տասը օր առաջ, նոր պատասխան է եկել, որ պետք է նայեն, տեսնեն՝ իսկապե՞ս հայրը հաշմանդամության խնդիր ունի, որ տեղափոխության համար դիմում գրվի»,- պատմեց Արթուրը:

Հովհաննեսը շատ նպատակներ ուներ, դրանցից մեկն էլ Գյումրիում տուն գնելն էր, սակայն մնացին Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի մեկին՝ Շիրակի գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում: