Արցախի ու Հայաստանի անվտանգության անգամ մեկ սանտիմետր փրկելու համար կանգ չառնել որևէ քաղաքական հնարավորության առաջ

1in.am-ը գրում է՝

Հայաստանն այսօր ունի երկու կենսական հրամայական՝ թույլ չտալ ներքին ապակայունություն և իրավիճակի անկառավարելիություն, և, միևնույն ժամանակ, Արցախի ու Հայաստանի անվտանգության ու ճակատագրի անգամ մեկ սանտիմետր փրկելու համար կանգ չառնել որևէ քաղաքական հնարավորության, անգամ արտահերթ ընտրության առաջ:

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ բռնկված ահաբեկչական պատերազմը հետաձգեց, բայց ավելի թեժացրեց ներքաղաքական աշունը: Պատճառները հայտնի են բոլորին, կրկնել չարժե: Հիմա արժեք ունի միայն այն, ինչ վերաբերում է իրավիճակից ելքերին, դրանց հնարավորությանը, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի բովանդակության և դրա նախատեսված ընթացքի հնարավորինս շրջադարձին: Թեժ աշունն ընթանում է առանց դրա, այսինքն՝ առանց գլխավոր պատասխանների: Այն, որ վարչապետն ու նրա գլխավորած քաղաքական ուժը պատասխան պետք է տան հասարակության, պատմության առաջ, կասկածից վեր է, դա որևէ պետության առաջնորդի կամ իշխող ուժի ճակատագիրն է և պարտավորությունը՝ պատասխան տալ երկրի հետ տեղի ունեցող ամեն ինչի համար, առավել ևս անվտանգության համակարգի փլուզման և ռազմական պարտության, հայրենիքի կորստի համար: Մյուս կողմից, կորուստը դեռ կասեցված չէ, ու քանի դեռ ընթացքի մեջ են զարգացումներ, հանրային էներգիան և ջանքը պետք է միտված լինի կասեցմանը՝ ինչ հնարավոր է և ինչքան հնարավոր է փրկելուն:

Այդ իմաստով, եթե դիտարկվում է վարչապետի պաշտոնանկության հարց, ապա այն պետք է դիտարկվի տվյալ դիտանկյունից՝ ինչ արդյունքի կբերի այն, ինչ ելք կտա, ինչպես կօգնի շտկել վիճակը: Որովհետև պատասխանատվությունից բխող պաշտոնանկությունը թերևս լինելու է անխուսափելի, բայց ներկայումս մենք հարցերը պետք է գերազանցապես դիտարկենք ելքի փնտրտուքի համատեքստում: Այդ առումով հնչում է հայտարարություն, որ նրան կփոխարինի ավելի լավ բանակցող և այդ բանակցողը կկարողանա շտկել կամ փրկել իրավիճակը: Տեսականում միանգամայն հնարավոր է, բայց այդ չափազանց կարևոր որոշումը կայացնելու համար հանրությանը պետք է կոնկրետություն: Իսկ որ որոշումը պետք է կայացնի հանրությունը, կասկածից վեր պետք է լինի և, թերևս, չլինի քննարկման առարկա: Հետևաբար՝ ո՞վ է ավելի լավ բանակցողը: Այս հարցի պատասխանն է կազմելու ներկայիս քաղաքական գործընթացի առանցքը: Կա՞ այդ պատասխանը, եթե ոչ, ապա գործընթացը կորցնում է իր ամբողջ հանրային պետական նշանակությունն ու արժեքը, քանի որ չի առաջարկում ելք:

Ընդ որում, հարցն անգամ ճանապարհային քարտեզը չէ՝ ինչպես, երբ և այլն, այլ ընդամենը ով-ը՝ ով՝ հասկանալու համար առաջարկի լրջությունն ու քաղաքական բովանդակությունը: Երևանում արդեն շուրջ մեկ շաբաթ ծավալվող բողոքի ընթացքը դեռ զուրկ է այդ կոնկրետությունից, ինչը ինքնին խնդիր է քաղաքական իրողությունների համարժեքության առումով:

Ավելին, չկան նաև այլ կոնկրետ առաջարկներ, որոնք ցույց կտան իրավիճակի փոփոխության ուղիներ: