Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն՝ շոշափելի հարվածներ․ թշնամին ունի մարդկային ու զինտեխնիկայի բազմաթիվ կորուստներ․ Դավիթ Բաբայան

168—ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբյանն ասաց, որ Արցախում համառ մարտերը շարունակվում են, և դրանք շարունակվել են ողջ գիշեր։

«Արցախի Պաշտպանության բանակը շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն՝ շոշափելի հարվածներ։ Թշնամին ունի բազմաթիվ կորուստներ, մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ։ Ամբողջ գիշեր մեր հրետանին աշխատել է և աշխատում էր շատ արդյունավետ։ Մեր հրետանու աշխատանքը նաև մարդիկ են լսել, ինչը շատ ոգևորիչ է»,- նշել է Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Արցախի նախագահի երեկվա ուղերձին, Դավիթ Բաբայանը նշել է, որ միայն մեկ բան կարող է ասել. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի պաշտպանենք Արցախը, այդ թվում՝ Շուշին,  բոլորս միասին։ Սա է ամենակարևորը, մնացածին չեմ ուզում որակավորումներ տալ։ Ընդհանուր առմամբ այսօր մենք բոլորս պետք է կենտրոնանանք մեկ առաջադրանքի վրա՝ կռվել ու պաշտպանել Արցախը, պահպանել մեր պետականությունը և փրկվել ցեղասպանությունից, սա է ամենակարևորը»։

Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիից կոչով դիմել էր ողջ հայությանը՝ Արցախի ինքնապաշտպանությանը միանալու համար։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։