Բայդենի ընտրությունից հետո Էրդողանը առաջարկ է արել Պուտինին

1in.am-ը գրում է՝

Հայաստանի վարչապետը և նախագահը շնորհավորել են ԱՄՆ 46-րդ նախագահ ընտրված Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենին: Բայդենի ընտրությունն իհարկե վիճարկում է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, որը պետք է պաշտոնավարի մինչև 2021 թվականի հունվար: Թրամփը խոսում է դատական կարգով բողոքարկման և հնարավոր է նաև հանրահավաքների մասին: Համենայնդեպս, արվում են այդպիսի ակնարկներ:

Ինչպես կզարգանան ԱՄՆ-ում իրադարձությունները առաջիկա երկու ամիսներին՝ անշուշտ էապես պայմանավորելու է նաև համաշխարհային կյանքը: Իսկ այդ կյանքի հանդեպ մենք ներկայումս առավել քան զգայուն ենք, գերզգայուն՝ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի պատճառով: Ակնառու է, և առիթ ունեցել ենք այդ մասին խոսելու, որ պատերազմի ժամանակահատվածը այդ ահաբեկչական խառնածինն ընտրել է նաև ԱՄՆ-ում նախագահի ընտրության ու ներքաղաքական լարվածության, այսպես ասած, գագաթնակետի հաշվարկով: Դա նշանակում է, որ խառնածինը կարող է փորձել օգտագործել այդ ժամանակահատվածն առավելագույնս, եթե նկատի ունենանք նաև այն, որ Ջո Բայդենն իր նախագահության ընթացքում ըստ ամենայնի որակապես այլ մոտեցում է ունենալու հարավկովկասյան ռեգիոնալ անվտանգային համակարգին, քան Թրամփը:

Ի վերջո, դրա վկայությունն է և այն, որ Բայդենն Օբամայի վարչակազմում Իրանի հետ հարաբերության կարգավորման ճարտարապետներից մեկն էր, այդ միջուկային համաձայնագրի կնքման ջատագովներից մեկը: Իսկ այդ գործընթացը նախագծվում էր ոչ միայն մերձավորարևելյան, այլ նաև հարավկովկասյան ռեգիոնալ անվտանգության համակարգի հաշվարկով՝ թույլ չտալով Իրանի այնքան թուլացում, որը նախ՝ Ադրբեջանում, իսկ հետո Հարավային Կովկասում կբերեր Թուրքիայի խաղի տարածության ընդլայնման և խաղային ներուժի բարձրացման:

Հատկանշական է, ի դեպ, որ Բայդենի հաղթանակի մասին ազդարարման ֆոնին տեղի ունեցավ Էրդողան-Պուտին նոր հեռախոսազրույց: Ընդ որում, ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը Պուտինին առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային մեխանիզմ և քննարկել արցախյան հարցը: Թուրքական նախորդ այդ առաջարկները Պուտինը մերժում էր:

Կփոխվի՞ արդյոք որևէ բան այդ հարցում այն, երբ Բայդենն է ընտրվել ԱՄՆ նախագահ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի համար ցանկալի տարբերակը Թրամփն էր՝ համենայնդեպս, դատելով պաշտոնական քարոզչության տոնայնությունից: Թե՞ այդուհանդերձ Մոսկվան Անկարայի առաջարկներին կվերաբերվի իր ազգային անվտանգային շահերից, ոչ թե ԱՄՆ հանդեպ բարդույթներից ելնելով: Իսկ դա նշանակում է մերժել Անկարայի այդ առաջարկները, որովհետև գործնականում դրանք նշանակում են Կովկասը Թուրքիային հանձնելու գործընթացի մեկնարկ: