Բայդեն-Թրամփ. Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ Արցախում

Դատական գործընթացները կփոխեն ձայների հարաբերակցությունը

ԱՄՆ-ում ընտրություններից երեք օր անց դեռ հայտնի չէ, թե ով է ղեկավարելու Սպիտակ տունն առաջիկա չորս տարիներին: Լարված մթնոլորտվում քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է։

Ֆինանսական շուկան իսկույն արձագանքել է ամերիկյան ընտրությունների արդյունքների անորոշությանը։ Միջազգային բաժնետոմսերի շուկաներում խիստ տատանումներ են։

Միացյալ Նահանգների նախագահը դառնալու համար ոչ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ոչ էլ նրա մրցակից նախկին փոխնախագահ Ջո Բայդենն առայժմ չեն ստացել ընտրիչների 270 քվեն, որն անհրաժեշտ է նահանգների 46-րդ նախագահը դառնալու համար։ Հանրապետական թեկնածուն Ընտրիչների կոլեգիայում ունի 214 քվե, իսկ դեմոկրատներինը՝ 253, ինչը Ջո Բայդենին մոտեցնում է հաղթանակի:

Մինչ այդ, ընտրությունների արդյունքներն առանց հիմնավոր փաստերի կասկածի տակ դրած նրա մրցակիցը՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, պատրաստվում է երկարատև դատական գործընթացի, որով հույս ունի վիճարկել քվեների արդյունքները և վերադարձնել, ինչպես պնդում է, հանրապետականներից գողացված ձայները: Մինչ ԱՄՆ-ի մի շարք նահանգներում՝ Նևադայում, Ջորջիայում, Հարավային Կարոլինայում, Փենսիլվանիայում, Ալյասկայում և Արիզոնայում քվեների հաշվարկը կամ վերահաշվարկը շարունակվում է, երկրի Գերագույն դատարանը ժամեր առաջ Հանրապետական կուսակցության պահանջով վճռեց անհապաղ դադարեցնել Փենսիլվանիայում ընտրատեղամասերը փակվելուց հետո ստացված քվեաթերթիկների հաշվարկը և դրանք հաշվել առանձին։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Փենսիլվանիայում քվեաթերթիկների շուրջ 96 տոկոսի հաշվարկի արդյունքներով դեմոկրատ Ջո Բայդենն իր մրցակցից առաջ է անցնում ավելի քան 27 հազար ձայնով:

Ընտրական գործընթացները համակարգող Փենսիլվանիայի գերագույն մարմինն ավելի վաղ արդեն որոշում էր կայացրել ուշացած քվեաթերթիկները հաշվել առանձին, հանրապետականերն այդուհանդերձ նույն պահանջով հայց էին ներկայացրել Գերագույն դատարան, սակայն դրանում որևէ ապացույց չներկայացնելով առ այն, որ ուշացած քվեաթերթիկները չեն առանձնացվել։

Չնայած 77-ամյա Ջո Բայդենի հնարավոր մոտալուտ հաղթանակի մասին վկայող քվեների քանակին, գործող նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ, իր դեմոկրատ մրցակիցը չպետք է հանդես գա հաղթանակի մասին «ոչ օրինաչափ հայտարարություններով», քանի որ, ինչպես հավելել է, դատական վեճերը դեռ նոր են մեկնարկում։ Թրամփը հերթական անգամ համոզմունք էր հայտնել, որ քվեների վերանայման հարցով դատական գործընթացները կփոխեն ձայների հարաբերակցությունը և, ինչպես նշել է, կվերականգնվի իր առավելությունը Բայդենի նկատմամբ, այս մասին Թրամփը գրել է Թվիթերի իր էջում:

Ըստ Բայդենի՝ «թվերը կասկածի տեղիք չեն տալիս»

Նախկին փոխնախագահ, Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնին հավակնող Ջո Բայդենը մինչդեռ համոզված է՝ առաջիկա չորս տարիներին ինքն է ղեկավարելու Սպիտակ տունը։ «Մենք դեռևս չենք կարող հանդես գալ հաղթանակի մասին վերջնական հայտարարություններով, սակայն թվերը մեզ կասկածի տեղիք չեն տալիս։ Մենք կհաղթենք այս պայքարում», — ելույթ ունենալով իր հայրենի Դելավեր նահանգում՝ հայտարարել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը՝ կոչ անելով ամերիկացիներին լարված նախընտրական պայքարից հետո պահպանել համբերությունը և հանդարտությունը։

Քվեարկությունից հետո ամերիկացիներին հղած իր երկրորդ ուղերձում Ջո Բայդենը նշել է, որ պաշտոնը ստանձնելուն պես պատրաստվում է կենտրոնանալ չորս հարցերի վրա՝ կորոնավիրուսի համաճարակի, տնտեսական ճգնաժամի, կլիմայի գլոբալ փոփոխության և համակարգային ռասիզմի։

Ի՞նչ են կանխատեսում աշխարհում

Ի տարբերություն շատ երկրների առաջնորդների, որոնք զուսպ ու զգույշ են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները մեկնաբանելու հարցում, քաղաքագետները, փորձագիտական խմբերը կաշկանդված չեն, ու սոցցանցերը, մամուլը լի են տարբեր մեկնաբանություններով։

Կրեմլի հետ կապեր ունեցող «Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնադրամի» հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցումների, ռուսաստանցիների 60 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, 20 տոկոսը գերադասել է տեսնել Թրամփի հաղթանակը։
Ռուսական նաև հեգնական գրառումներ կան, որոնք հեգնում են ռուսաստանյան պետական գործիչներին երկրի բոլոր ձախողումները Ամերիկայի վրա գցելու համար։ «Այսօր բոլորիս համար շատ կարևոր օր է։ Ամերիկացիները մի մարդու են ընտրում, ով մեր բոլոր խնդիրների համար պատասխանատու է հաջորդ չորս տարիների ընթացքում», — սոցցանցում գրել է օգտատերերից մեկը:

Ջո Բայդենի հաղթանակի դեպքում հնարավոր է բարելավվեն Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի ու Բեռլինի հետ, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ «Հյուսիսային հոսք 2» գազատարի ծրագիրն իրականացնելու վրա, կարծում են որոշ փորձագետներ: Կան նաև լիովին հակառակ տեսակետներ՝ Մոսկվա-Վաշինգտոն առանց այն էլ բարդ հարաբերություններում լարվածությունը ոչ միայն կխորանա, այլև նոր բարդություններ կգրանցվեն:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր իշխանական վերնախավից լուրեր են շրջանառվում, թե Բայդենի ընտրվելու դեպքում հնարավոր կլինի ղարաբաղյան պատերազմը դադարեցնել ու նստել բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի հետ:
Մինչդեռ ռուս փորձագիտական շրջանակները ընդհակառակը, կարծում են, որ դեմոկրատ նախագահի ընտրվելու դեպքում Լեռնային Ղարաբաղում պատերազմը կշարունակվի, քանի որ Մեծ Բրիտանիան է Թուրքիային «աջակցողը» և այդպես էլ կմա իրավիճակն անորոշ ղարաբաղյան ճակատում:

Կա նաև հիմնավորում, որ քանի որ Բայդենը դեմոկրատ է, իսկ ԱՄՆ-ում դեմոկրատ նախագահների ժամանակ կոշտ քաղաքականություն է վարվել, ԱՄՆ-ը ներխուժել է այլ երկրներ՝ իր պետության սահմաններից դուրս, հետևաբար ամերիկյան վարչակազմը հանդես կգա ավելի կոշտ դիրքորոշումներ:

«Եթե Բայդենն ընտրվի, թող չկարծեն, թե Թուրքիայի հետ խնդիրներն ավելի կվատանան»

Թուրքական «HaberTürk» լրատվամիջոցի վերլուծաբան Մուհարրեմ Սարըքայան իր սյունակում հոդված է հրապարակել՝ փորձելով վերլուծել, թե ինչպես կդասավորվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրվի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, հատնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայում որոշ շրջանակներ կարծում են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հնարավոր հաղթանակի դեպքում թուրք-ամերիկյան հարաբերություններում խնդիրները կավելանան։ Այդ տրամադրությունները պատճառաբանվում են նրանով, որ երբ Թրամփը եկավ իշխանության, աշխատանքից հեռացրեց պետքարտուղարության և հետախուզության ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների։ Սարըքայայի հաղորդմամբ՝ նրանց ճնշող մեծամասնությունը, որոնք Թուրքիայի հետ խնդիրներ ունեին, սկսեց աշխատել Բայդենի հետ։

Նշվում է, որ այդ անձինք նախընտրական քարոզարշավի ժամանակ կարևոր գործառույթներ ստանձնեցին և կազմեցին Բայդենի՝ Թուրքիայի դեմ բացասական ելույթների առանցքը։ «Եթե Բայդենն ընտրվի, թող չկարծեն, թե Թուրքիայի հետ խնդիրները շատ ավելի կվատանան»,-գրել է Սարըքայան և համոզմունք հայտնել, որ Բայդենը տասնամյակներ շարունակ ճանաչում է Թուրքիային և գիտակցում, թե երկու երկրների հարաբերություններն ինչպիսի ուղով են ընթանում։