Բացառիկ տեսանյութ. Ո՞ւմ պետք է փոխանցվեին նախարարի ընկերոջ հրահանգով «սեյֆում» հավաքվող գաղտնի գումարները

Armlur.am-ը գրում է․

Երբ նախորդ տարի Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Մհեր Դավիդյանցը, մեծ աղմուկ բարձրացավ հանրության շրջանում, եւ մամուլում լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, ինչի արդյունքում հաղթել է մրցույթը։ Եւ նշանակումից կարճ ժամանակ անց Առողջապահության նախարարի հրամանով ընկերոջ՝ Դավիդյանցի աշխատավարձը 350 հազար դրամից դարձավ 710 հազար դրամ: Սա արվեց թերեւս նրա համար, որ նախարարի ընկեր տնօրենը աջուձախ չնայի՝ քիչ աշխատավարձի պատճառով:

Նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարը հավաքել էր բոլոր հիվանդանոցների տնօրեններին եւ վերջնականապես նրանց զգուշացրել աշխատաոճի կանոնները:

Եւ հիմա՝ մոտ մեկ տարի հետո, պարզվում է նախարարի ասած սկզբունքները լավ չեն հասկացել կամ չեն պահպանում հենց նրա կողմից նշանակված մարդիկ: ArmLur.am լրատվական կայքի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցը աշխատանքային հարցեր է քննարկում տնօրեն Մհետ Դավիդյանցի հետ, ապա նրանից հետաքրքրվում, թե ինչ պետք է անի պահանջված գումարը:

Այս կադրերում Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն իր աշխատակցի հետ խոսում է ինչ-որ էլեկտրիկի աշխատանքի վերականգնման, բենզին-գազ հարաբերությունների մասին: Իսկ ուշագրավն առջեւում է: Երբ խոսակցությունն ավարտվում է ենթակայի ու ղեկավարի միջեւ, ենթական, որ թերեւս Մհեր Դավիդյանցի հետ մտերիմ հարաբերություններ ունի, նրան անունով է դիմում, հետաքրքրվում է բերած գումարի մասին:

Լսեցի՞ք աշխատակիցը տնօրեն Մհեր Դավիդյանցին ասում է՝

Մհեր ջան, բանը, մենք խոսացինք, որ բանը, այլ ծախսերի համար, էդ ում ենք տալի՞
Մհեր Դավիդյանց- Ինչքանա հավաքվել՞
Աշխատակից- Ասեցին՝ ամեն մեկս 25. Հազար: Հիմա հավաքենք՞, թե առանձին տանք:
Մհեր Դավիդյանց- Նայի ոնց ա: 100-100 գրվել ա:
Աշխատակից- Գիտեմ, 100 հազար գրվել ա, մարդա 25-25 ինձ ասեցին պտի հետ տանք:
Մհեր Դավիդյանց- Ահա, դա հավաքենք, դնում ա սեյֆի մեջ:
Աշխատակից- Հարց չկա, հիմա տամ Վերայի՞ն:
Մհեր Դավիդյանց- Հա: Վերային տուր, թող դնի սեյֆը:
Աշխատակից- Հենց հիմա՞ տամ
Մհեր Դավիթյանց- Հա, եթե մոտդ ա, հա: Հեսա ասեմ՝ մի վարկյան:
Աշխատակից- Ես էի…
Մհեր Դավիդյանց- Հեսա ասեմ. Մի վայրկյան, Արամիչն էր, Էդգարը, մեկ էլ Ռազոն Պողոսյան, Բագրատյան, Սարդարյան:
Աշխատակից- Վյսո, ես հենց հիմա տամ:

Այսպիսով, մենք լսեցինք աշխատակցի եւ տնօրենի զրույցը, թե ինչպես են բյուջեի գումարներից «այլ ծախսեր» ձեւակերպմամբ 100 հազար դրամ դուրս գրում, անհասկանալի է, թե ինչի վրա են ծախսում, բայց հստակ հասկացվում է, որ հրահանգ կա 25 հազար դրամը հավաքել, դնել սեյֆում: Ո՞ւմ համար, տեսանյութից պարզ չի դառնում: Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ հավաքվող գումարը դժվար թե տնօրենի միանձնյա ծախսելիքը լինի, այլապես սեյֆում չէին հավաքի:

Նշանակում է, որ այն պետք է ինչ որ մեկին տրվի, փոխանցվի:

Ամեն դեպքում ArmLur.am լրատվականը ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակից հետաքրքրվեց

Շարունակում է արդյոք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահել իր կողմից նշանակված կադրերին՝ առավել եւս իր ընկերներին եւ երաշխավորել նրանց օրինական աշխատանքի համար, թե՞ ոչ:

Նրանց գործունեության մասին որեւէ ահազանգ այս ընթացքում ստացե՞լ է, թե՞ ոչ:

ArmLur.am-ը տեղեկություններ ունի, որ նախարարի կողմից նշանակված կլինիկաներից մեկի տնօրենը ապօրինի գումարներ է հավաքում՝ «այլ ծախսերի» անվան տակ:

ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում ենք այս տեսանյութը համարել հաղորդում հանցագործության մասին: Ակնհայտ է, որ պետական բյուջեի գումարները «սեյֆում» հավաքվելով ինչ-որ մեկին փոխանցելու նպատակ ունեն: