Բա ո՞ւր էր ձեր Ամերիկան 45 օր, հիմա գալիս են, բայց ձեզ ի՞նչ

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում ավետել է՝ «Պոմպեոն գալիս է ռեգիոն»:

Թվում է՝ ինչպիսի նորություն: Փրկիչն է գալիս, ոմանց փրկիչը..

«ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջիկա օրերին այցելելու է Փարիզ, Կոստանդնուպոլիս և Թբիլիսի: Պոմպեոյի` Պօլիս այցելությունը արդեն իսկ Անկարայի դժգոհությանն է արժանացել, քանի որ` որևէ պետական պաշտոնյայի հետ հանդիպում չի նախատեսվում, փոխարենը` ԱՄՆ արտգործնախարարին է ընդունելու Պօլսո հունաց պատրիարքը: Թբիլիսին մեզ համար առավել կարևոր է, հաշվի առնելով ՌԴ խաղաղապահների տեղակայման գործընթացը Լեռնային Ղարաբաղում, դե իսկ Փարիզում, Արցախը` այո՛, կարող է առանցքային լինել: Եթե Մայք Պոմպեոն իր պետական պաշտոնն օգտագործելով 2024-ի ընտրական հարցերն է լուծում, ապա պետք է շատ կոնկրետ հասկանա, որ, եթե իր` երկամսյա պաշտոնավարման ընթացքում դիվանագիտական բեկում չբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայերիս պարտադրված «խաղաղության» հարցում, ապա որևէ հայի ձայն չի ունենալու», գրել է Խառատյանը:

Մնացել էր Փաշինյանի նախկին թիմակիցները Պոմպոյին դասեր տային, սովորեցնին ԱՄՆ-ի շահը, թե ինչ պետք է անել ու չանել: Փոխանակ Փաշինյանի թիմակիցները պատասխանեն հարցին, իսկ ի՞նչ արեց ամերիկյան վարչակազմը անցած 45 օրերի պատերազմի ժամանակ, երբ արյունահեղություն էր Արցախում, արգելված զենքերով ու ահաբեկիչ զինյալներով մեզ պարտադրված պատերազմի ժամանակ, հորթի հրճվանքով սպասում են Պոմպոյի այցին՝ Թբիլիսի: Բայց ձեզ ի՞նչ…

Նախ, սկսենք նրանից, որ եթե ամերիկյան վարչակազմը վճռական խոսքի անհրաժեշտություն զգար՝ կասեր մինչ այժմ: Իսկ ասել է՝ այնքան, որքան իրեն պետք է եղել ու դրանից ավելի ասելու հարցում վստահաբար ամերիկյան վարչակազմը Փաշինյանի թիմակիցների կամ նախկին թիմակիցների խորհրդի կարիքը հաստատ չունի:

Ռուսաստանը արյունահեղությունը դադարեցնի, խաղաղապահներ մտցնի, որպեսզի թուրք-ադրբեջանական բանակը մինչև Ստեփանակերտ չմտնի, սրանք դեռ ԱՄՆ-ի վարչակազմի «վճռական» խոսքին են սպասում պատերազմից ավարտից հետո՝ իրենց «շեֆի» կողմից ստորացուցիչ պայմաններով կապիտուլյացիա ստորագրելուց հետո:
Խելք հավաքե՛ք, թրաշամանուկներ…

Միակ բանը, որ հիմա կարելի է անել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգների հետ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ցանկալի տարբերակի համար բանակցելն է, որ որևէ ճնշում գործադրվի այս ուղղությամբ Ալիևի վարչակազմի ուղղությամբ… Ու ցավոք, ոչ միայն Ալիևի, նաև՝ կայսերապաշտական մղումներով տառապող՝ Էրդողանի: