«Բոլորն ասում էին, որ Նոյը Աստծո տված զավակ է». Զինվոր Նոյը հեռացավ 19 տարեկանում

Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զո-հված Նոյ Լյովայի Թևոնյանը ընտանիքի 4-րդ երեխան էր, 3 քույրերից հետո շատ սպասված փոքր եղբայրը: Նոյի քույրերից Լիաննան 168.am–ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ստացվել, որ եղբորն անվանակոչել են Նոյ: «Մենք ընտանիքում 4 երեխա ենք՝ 3 քույր ու Նոյը՝ մեր փոքր եղբայրը: Իր անվան որոշումը շատ հետաքրքիր պատմություն ունի… Հայրս միշտ տղա էր ուզում ունենալ ու մի օր երազ էր տեսել, ասաց՝ մեր տանը արու զավակ է ծնվելու, անունն էլ լինելու է Նոյ:

Անցավ գրեթե 1 ամիս, իմացանք, որ մայրս մեծ տարիքում հղի է, ու 2001 թվականի սեպտեմբերի 19-ին ծնվեց եղբայրս ու հենց Նոյ էլ անվանեցինք: Բոլորն ասում էին, որ ինքն Աստծո տված զավակ է, դեռ փոքր տարիքից ինքն այնքան էր տարբերվում, ոչ միայն՝ իր անունով, այլև՝ իր բարությամբ և համեստությամբ: Քանի որ տան միակ տղան էր, բոլորը փորձում էին իրեն երես տալ, բայց ինքն ընդհանրապես երես առած չէր: Իրեն որ ինչ-որ քաղցր բան էին տալիս, միշտ փորձում էր հավասար մասերի բաժանել ու տան անդամներիս հավասար տալ: Դուրս էր գալիս փողոց, փոքրիկ շնիկներ էր տեսնում, բերում էր տուն՝ լողացնում, ուտելիք էր տալիս»,- պատմեց Նոյի քույրը:

Լիաննան ասաց, որ բարությունը նաև ավելի մեծ տարիքում էր Նոյին ուղեկցում, իրեն լավ էր զգում, երբ կարողանում էր ինչ-որ բանով օգնել մուրացկաններին կամ պարզապես փողոցային առևտրով զբաղվող մեծահասակներին.

«Մեծահոգությունը չէր կորցրել, չէր կարողանում քաղաքում անտարբեր անցնել այն տատիկ-պապիկների կողքով, որոնք ինչ-որ բան էին վաճառում, կամ ուղղակի գումար էին խնդրում: Ոչ մի անգամ չի եղել, որ անտարբեր անցնի, գումարով, ինչով կարողացել՝ օգնել է, անգամ մի անգամ մի գիրք վաճառող պապիկից գիրք էր գնել, ճիշտ է, այդ գիրքն իրեն պետք չեկավ, ուղղակի, որ պապիկը Նոյի ձեռքից գումար չէր վերցրել, եղբայրս որոշել էր նրանից գիրք գնել, Պապիկն էլ գրքում մաղթանք է գրել՝ «Աղա Նոյին, աղա Նոյին»:

Նոյը փոքր տարիքում փորձում էր ոստիկան հորը նմանվել, մորը խնդրել էր, որ իր համար ոստիկանի գրքույկ պատրաստեր:

«Այն տարիքում էր, որ դեռ չէր կարողանում գրել ու մորս ստիպել էր, որ իր համար ծառայողական գրքույկ պատրաստի ու մեջը գրի, որ ինքը մայոր է… Այնքան հպարտությամբ էր այդ ծառայողական գրքույկը մեր տուն եկող բոլոր հյուրերին ցույց տալիս, ասում էր, որ ինքը պաշտպան է ու բոլորիս կպաշտպանի: Հիմա էլ այդ ծառայողական գրքույկն իր նկարի կողքին դրած է, ինքը ծնվել էր պաշտպան ու գնաց՝ պաշտպանելով մեր հայրենիքը…»,- պատմեց Նոյի քույրը:

Լիաննան պատմեց, որ վերջին տարիներին ընտանիքով տեղափոխվել և ապրում էին Մոսկվայում, սակայն, երբ Նոյի զորակոչվելու ժամանակը մոտեցել է, եղբայրը որոշել է գալ և Հայաստանում ծառայության անցնել.

«Նոյն ընտրեց ծառայել Հայաստանում, ոչ թե Ռուսաստանում: Ինքն իր կյանքի ամբողջ պլանները կապում էր Հայաստանի հետ, այդ պատճառով ինքը ծնողներիս հետ 2019 թվականի սեպտեմբերին եկավ Հայաստան, ընդունվեց Ագրարային համալսարան, իսկ արդեն հունվարին զորակոչվեց»:

Քույրը հիշում է, ամեն անգամ Հայաստան վերադառնալիս Նոյն արտահայտում էր հայրենիքի հանդեպ իր սերը.

«Ասում էր՝ այնքան եմ կարոտել մեր սարերը, դա միշտ իր բերանից ելնող խոսքերն էին, ասում էր՝ մեր Գեղամա սարերն ինչքան սիրուն են»:

Նոյը ծառայության ամբողջ ընթացքում կապի մեջ է եղել հարազատների հետ, ամեն օր զանգել և վստահեցրել է, որ իր մոտ ամեն բան լավ է.

«Ինքը շատ հանգիստ էր, ամեն խոսելիս ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք: Ոչ մի պահ չի եղել, որ ինքն ինչ-որ բանից դժգոհեր: Պատ-երազմն էլ որ սկսվել էր, ամեն անգամ զանգելուց ասում էր՝ ամեն ինչ շատ լավ է, հանգիստ եղեք, անգամ այդ մի քանի րոպեների ընթացքում իր ծառայակից ընկերների մասին տեղեկություններ էր հայտնում, որ փոխանցենք նրանց ծնողներին, որ նրանք էլ հանգիստ լինեն… Պատ-երազմի օրերին, երբ ավտոմեքենա էր այրվել, Նոյը չէր կարողացել անտարբեր անցնել, որովհետև մեքենայում զինվոր էր եղել, ու նետվել էր, որ նրան հաներ այրվող մեքենայից: Ճիշտ է, զինվորն արդեն մա-հացած էր, բայց գոնե տղայի դին ամբողջությամբ հանձնել էին ծնողներին: Ինքը շատ քիչ բաներ էր պատմում, բայց այդ դեպքը քրոջս պատմել էր, երևի շատ էր տպավորվել, ասել էր, որ տղային հանել է այրվող մեքենայից, քույրս էլ փորձել էր սփոփել, ասել էր՝ դու հերոս ես, հերոսություն ես արել, պատասխանել էր՝ ի՞նչ հերոսություն, 18 տարեկան երեխեն ձեռքերիս մեջ մա-հացավ…»:

Նոյը շատ նպատակներ ուներ, դեռ մանկուց իր առջև խնդիրներ էր դնում ու լուծում դրանք: Լիաննան պատմեց, որ եղբայրը շատ հետաքրքրված էր ռոբոտաշինությամբ, Հայաստանում ապրելու տարիներին Նոյը Թումո էր հաճախում.

«Դեռ փոքրուց տարբերվում էր իր ինտելեկտով, անգամ մինչև Թումո գնալը, երբ փոքր էր, իր ննջասենյակում սիգնալիզացիա էր քաշել, որ հենց իր սենյակի դուռը բացեինք, իր հեռախոսին զանգ էր գնում: Հետաքրքրվում էր նորագույն տեխնոլոգիաներով, ամեն ինչ քանդում, բացում, նայում էր, թե ո՞նց է, ինչ ձև է, հետո հետ էր հավաքում: Իսկ երբ սկսեց հաճախել Թումո՝ մի նոր փուլ անցան իր գիտելիքները»:

Նպատակներից բացի, Նոյը նաև երազանք ուներ մոտոցիկլետ գնել, հասցրել էր անգամ քննություն հաձնել և վարորդական իրավունքի վկայական ստանալ.

«Նոյը մոտոներ շատ էր սիրում ու երազում էր իր համար մոտո գնել, անգամ վարորդական քննություն հանձնեց, 2 անգամ կտրվեց, բայց ասաց՝ անպայման պետք է մոտոյինը հանձնեմ, որ ինձ համար մոտո գնեմ: 17 տարեկանում հանձնեց, իսկ 18 տարեկանում իրեն տվեցին վարորդական իրավունքի վկայականը»:

Լիաննայի մոտ տպավորվել են մոր և եղբոր հարցուպատասխանը.

«Մաման միշտ հարցնում էր՝ Նոյ ջան, բա ե՞րբ կամուսնանաս, որ քո տղաներին տեսնեմ, պատասխանում էր՝ 10 տարի հետո կամուսնանամ, քեզ թոռներ կպարգևեմ…»:

Նոյ Լյովայի Թևոնյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին՝ Արարատի մարզի Արալեզ գյուղում: