«Գարուշ ջան, տղաներդ կմեծանան և կիսատ թողածդ ավարտին կհասցնեն»

Տավուշում զոհված մեր 4 զինծառայողները կապրեն, քանի մենք կանք։ Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զոհված 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության ժամանակ Եռաբլուրում ասաց նրա հորեղբայրը` Գրիշա Սարգսյանը։

«Իմ եղբոր որդին շատ նվիրված էր Հայոց բանակին։ Նա ընկավ հերոսի մհով։ Գարուշ ջան, դու ֆիզիկապես մեզ հետ չես լինելու։ Փառք Աստծո՝ ունես երկու արու զավակ, որոնք կմեծանան ու պակաս թողած գործդ ավարտին կհասցնեն»,–նշեց զոհված մայորի հորեղբայրը։

Նրա խոսքով` այս երիտասարդներին կորցնելով` չի նշանակում, որ կորցնում ենք ամեն ինչ։ Ընդհակառակը, պետք է ավելի ամուր կանգնենք երկրի պաշտպանության և զարգացման համար։

Գրիշա Սարգսյանը նշեց, որ զոհված զինծառայողներն իրենց կյանքը տվեցին բոլորիս ապագայի համար։

Եռագույնն ու ՀՀ նախագահի հրամանագրով հետմհու մայոր Գարուշ Համբարձումյանին շնորհված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալը հանձնեցին նրա հորը։

Նշենք, որ թաղման կարգն անցկացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նրա հուղարկավորությունը կատարվում է զինվորական կարգով։

Հուղարկավորությանը ներկա են ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հակառակորդի կրակոցներից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում համայնքից էր։ Ամուսնացած էր, ունի 2 որդի։ Գարուշն ընտանիքի հետ ապրում էր Բերդում։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով

Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ