Գերմանիան դուրս է եկել թուրքական ազգայնամոլ Գորշ գայլերի դեմ

Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիան պատրաստվում է արգելել թուրքական պետության ազգայնամոլ Գորշ գայլերի շարժումը։ Նոյեմբերի 19-ին Բունդեսթագում ընդդիմադիր և իշխանական կուսակցությունները քննարկելու են շարժման դեմ օրենքի մի շարք նախագծեր։

Ինչպես հաղորդում է «Hawarnews»-ը, Ազգայնամոլ կազմակերպությունների գործունեությունը արգելելու համար Բունդեսթագ է ներկայացվել օրենքի երկու նախագիծ։ Օրենքի նախագծերից մեկը ներկայացրել է Ձախակողմյան կուսակցությունը, իսկ մյուսը` Կանաչների կուսակցությունն ու Ազատ Դեմոկրատները։

Գերմանիայում կառավարությունը ձևավորած Քրիստոնեական միություն կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը, ինչպես նաև Կանաչների կուսակցությունը և Ազատ դեմոկրատներ կուսակցությունը աջակցություն են հայտնել երկրորդ օրինագծին։

Երկար ժամանակ լռող Եվրոպան վերջապես Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) և Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) կողմնակից և ծայրահեղ ազգայնամոլական կազմակերպությունների դեմ է դուրս գալիս։ Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները ստիպեցին Գերմանիային լուրջ քայլեր ձեռնարկել նրանց դեմ` նաև հաշվի առնելով, որ ամենաշատ թուրք ազգայնամոլական կազմակերպությունները գտնվում են հենց Գերմանիայում։

Գերմանիայում գործում է շուրջ 170 ազգայնամոլական կազմակերպություն, իսկ դրանց անդամների թիվը հասնում է շուրջ 10 հազարի, որը շուտով կարող է գլխացավանք դառնալ Գերմանիայի համար։