Դժոխք երկրի վրա․ աշխարհի ամենամեծ ոսկու հանքը՝ Սերա Պելադա (լուսանկարներ)

1979 թվականի հունվարին ֆերմեր Ջենեզիո Ֆերեյրա դա Սիլվան երկրաբան վարձեց, որպեսզի պարզի` արդյոք Ամազոն գետից 430 կմ հեռավորության վրա գտնվող իր տարածքից հայտնաբերած ոսկին մեծ հանքի մի մա՞սն է, թե՞ ոչ։ Ահա հենց այսպես էլ բացահայտվել է Բրազիլիայի ամենամեծ ոսկու հանքերից մեկը՝ Սերա Պելադան։ Հանքավայրը բացահայտելուց 5 շաբաթ անց այդ հողամասում արդեն աշխատում էր շուրջ 10 հազար մարդ, իսկ 12 հազարն էլ ոսկի էր փնտրում մոտակայքում։ Սերա Պելադա հանքավայրի ծաղկուն ժամանակաշրջանում այդտեղ աշխատում էր շուրջ 100 հազար մարդ, ինչն այս հանքավայրը դարձնում է աշխարհի ամենամեծ հանքերից մեկը։

Երբ բրազիլացի լուսանկարիչ Սեբաստիան Սալգադոն այցելեց հանքավայր, նա ուղղակի ապշեց իր տեսածից․ հսկայական փոսեր, որտեղ հազարավոր մարդիկ օր ու գիշեր աշխատում էին, այնուհետև իրենց գտածոն անթիվ աստիճաններով բարձրացնում էին վերև։

Հանքավայրը փակվեց 1986 թվականին։ Փակվելու պատճառները բազում էին՝ ջրհեղեղ, սողանքներ, ինչպես նաև բազմաթիվ դատական գործընթացներ։