Դոմինոյի վտանգավոր էֆեկտը. ինչ է կատարվել Սոթքում, ինչպես են հասել ադրբեջանցիները

Իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքները, պարզաբանել է Հայաստանի ՊՆ-ն, կապված Վարդենիս՝ Սոթքի հանքավայր ադրբեջանական ներխուժման մասին տեղեկությունների հետ, որ տարածվեցին նոյեմբերի 26-ի երեկոյան՝ տեսանյութերի հետ միասին: Ըստ տեղեկությունների, որ հայտնել էին Սոթքի դպրոցի տնօրենը, համայնքապետը կամ հանքի աշխատակիցներ, ադրբեջանցիները մտել են հանքի տարածք և պահանջել են հեռանալ՝ ասելով, որ դա ադրբեջանական տարածք է: Վարչապետի խոսնակը հերքել է, թե ադրբեջանցիները մտել են հանքի տարածք, բայց լուրերը շրջանառվել և, ըստ էության, տեսանյութերով հաստատվել են, որ ադրբեջանցիները առնվազն շատ մոտեցել են հանքին:

ՊՆ-ն պարզաբանել է, որ, քանի որ ԽՍՀՄ-ից հետո, ըստ էության, չի եղել հայ-ադրբեջանական սահման այդ հատվածում և եղել է Հայաստան-Արցախ, այժմ ադրբեջանցիներին հանձնելուց հետո կա սահմանագծման անհրաժեշտություն: Այդ ամենն, անշուշտ, հասկանալի է, սակայն անհասկանալի է, թե ադրբեջանցիները ինչպես են անարգել հասել մինչև Սոթք: Խոսքն այն մասին չէ, որ նրանք պետք է հասնեին, այսպես ասած, մարտերով: Հարցն այն է, որ Հայաստանի կառավարության համար, որը ստորագրել է եռակողմ համաձայնագիրը և, ըստ այդմ, Քարվաճառի հանձնման ժամանակացույցը, խնդիրը պետք է լիներ կանխատեսելի: Եվ կանխատեսելի լինելով, այն պետք է լիներ իր զգայունությամբ հասկանալի: Հետևաբար, չպետք է լիներ այսպես ասած՝ տեղեկատվական անակնկալ, և Սոթքի հանքավայրի աշխատակիցների ու բնակիչների համար չպետք է լիներ «ադրբեջանցիների անսպասելի այց»: Նրանք չպետք է հասնեին Սոթքի հանք և առավել ևս առաջացնեին աժիոտաժ:

Ըստ այդմ, միանգամայն հասկանալի լինելով բացատրությունը սահմանագծման անհրաժեշտության վերաբերյալ, այդուհանդերձ անհասկանալի է, որ խնդիրը հանկարծ դառնում է անակնկալ, հարցադրումներով հանդերձ՝ ինչպես են ադրբեջանցիները հասել այդտեղ: Այս պատկերն ավելանում է Արցախում ևս սահմանագծման անորոշություններին, որ արձանագրվում են այս օրերին թե՛ գյուղերի, թե՛ գյուղերին կից տարածքների վերաբերյալ: Այդ ամենն էլ իր հերթին առաջացնում է հարցեր, թե որքանով է հայկական կողմը տիրապետում իրավիճակին, դրա զարգացումներին: Սա ընդհանրապես առաջացնում է հարցեր, այսպես կոչված, եռակողմ համաձայնագրի հետ կապված, այն իմաստով, թե ստորագրությունից ու պարտավորություններից բացի, հայկական կողմն այդ համաձայնագրում կա՞ որպես որևէ իրավասություն ունեցող սուբյեկտ:

Սրանք հարցեր են, որոնք էապես առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը, թե՛ հանրային տրամադրություններին և թե՛ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության վարկին, պետական արժանապատվությանը: Տպավորություն է, որ Հայաստանում փլուզված է անվտանգության համակարգը ընդհանրապես: Համենայնդեպս ստեղծված են այդպիսի տպավորության բոլոր նախադրյալները, և դրանք չչեզոքացնելու պարագայում դոմինոյի խիստ վտանգավոր էֆեկտը կարող է բերել լրջագույն հետևանքների: