«Դուք ո՞վ եք, որ ինձ ասեք՝ ես ինչ անեմ․ հերիք է ուրիշի փողերը հաշվեք, էս ո՞ւր ենք հասել». Սարգիս Գրիգորյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք դերասան Սարգիս Գրիգորյանի հետ

– Պարոն Գրիգորյան, արտակարգ դրությունը երկարաձգվում է չորրորդ անգամ՝ ևս մեկ ամսով՝ մինչև օգոստոսի 12-ը: Դուք ասել էիք, որ, եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն մինչև օգոստոսի 15-ը, երկրից կգնաք. «Ապրելու համար գումար չունեմ, մեքենաներս էլ չեմ կարողանում վաճառել, չեն գնում: Մենք մեղք չունենք, որ պանդեմիա է»: Ուժի մե՞ջ է Ձեր այս հայտարարությունը:

– Ցավով եմ ասում՝ մենք վաճառում ենք վերնագիր և ոչ՝ գաղափար: Իմ մեջ կար բողոք, և ոչ՝ աղմուկ, իսկ իրենք իմ հոդվածը սարքեցին աղմուկ: Երբ ինձնից հարցազրույց էին վերցնում, ասում էի՝ երեխեք, կարևորը գաղափարն է, հասկացեք՝ ինչ նկատի ունեմ…

– Բայց ասե՞լ եք նման բան:

– Այո, ասել եմ, բայց այն ենթատեքստում, որ, եթե այսպես շարունակվի, ես իրոք պետք է գնամ ապրուստ հայթայթելու:

– Դե, այդպես էլ գրել են. «Եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն մինչև օգոստոսի 15-ը, երկրից կգնամ»:

– Այո, որովհետև ես մենակ չեմ, ես պահում եմ կոլեկտիվ, փորձում եմ այս դժվար պահերին իրենց կողքին լինել: Ես տաքսի չեմ ուզում քշել, ես չեմ ուզում ուրիշ գործով զբաղվել, ես իմ գործի մասնագետն եմ: Ես տեսնում եմ, որ Ռուսաստանում բացվել է, ուզում եմ գնամ՝ աշխատեմ, այդ գումարը փոխանցեմ, որ իմ կոլեկտիվին փորձեմ ինչ-որ բանով օգնել:

– Այսինքն՝ գնալու նպատակ, ամեն դեպքում, ունեք:

– Իհարկե, գնալու, բայց ոչ՝ ապրելու, այլ՝ աշխատելու և իմ ընտանիքը արժանապատիվ պահելու: Ասում են՝ «Մերսեդես» ծախի՝ դուք ո՞վ եք, որ ինձ ասեք՝ ես ինչ անեմ: Հերիք է ուրիշի փողերը հաշվեք, էս ո՞ւր ենք հասել: Ես տարիների ընթացքում այդ ամենը ձեռք եմ բերել, որ հիմա ինձ ասեն՝ ծախի՞, ուղղություն ցույց տա՞ն: Արդեն ինչ պետք է՝ ծախել եմ ու շատ եմ տուժել, բայց չեմ ուզում այդ մասին խոսել:

– Այս օրերին շատ քննադատվեց Ձեր այդ հայտարարությունը, սոցցանցերում ձեզ ուղղված գրառումներում օգատերերը նշում էին, որ, ինչպես 2018թ. փողոց էիք դուրս եկել, այնպես էլ հիմա պետք է մնաք և պայքարեք: Նարեկ Մալյանն էլ գրել էր. «Հեղափոխություն արեցիք, մեր երեխաների պետությունը կործանեցիք, որ գնա՞ք: Մնա Սարգիս ջան…»: Ճիշտ չե՞ն ձեզ ուղղված այս հորդոր-քննադատությունները:

– Նարեկ ջան, եկեք՝ համերաշխ ապրենք, այսպիսի խոսքերով պետք չէ իրար հաթաթաներ տալ, ես քեզ շատ հարգում եմ: Գնալ՝ նշանակում է՝ աշխատել, չի նշանակում՝ գնալ և ապրել: Ես այստեղ չեմ տեսնում մի ոլորտ, որտեղ կարող եմ մտնել և պահել այն մարդկանց, որոնք իմ գրպանին են նայում, իսկ այդ մարդիկ շատ են:

– Ի դեպ, տարածվել էր նաև տեսանյութ, որտեղ Դուք կոչ եք անում սպիտակ հագնել վարչապետի ընտրության օրը, որը, ըստ ձեզ՝ կլինի համաշխարհային նորույթ՝ հեղափոխություն անելու: Մեկ այլ տեսանյութում համոզմունք էիք հայտնում, որ Նիկոլ Փաշինյանն ունի ամենակարևորը՝ հավատն ու հույսը, որը նրան կօգնի սարեր շուռ տալ: Հիմա ինչո՞ւ չեք փորձում Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնել և սարեր շուռ տալ, հատկապես, որ ունենք նման ճգնաժամային իրավիճակ:

– Նիկոլ Փաշինյանն իմ հորողբոր տղան չի, ես էլ ինչ-որ մեկի բանակից չեմ. Ես այդ պահին տեսել էի դա, մարդկանց դեմքին ժպիտ էի տեսել ու գնացել էի փոփոխության գաղափարի հետևից: Բայց դա չի նշանակում, որ հիմա ինքը սխալ է, ես պետք է էլի ասեմ՝ չէ: Երեկ դրա կարևորությունը կար, մարդիկ փողոց էին դուրս եկել, բայց այսօր սխալ ես անում, եղբայր, քո վարած քաղաքականությունը, իմ կարծիքով, տանում է սխալ ճանապարհ, փակուղի, ու ես պարտավոր եմ քեզ դա ասել: Այն  ժամանակ հիացած եմ եղել, ոգևորված եմ եղել, իսկ հիմա հասկանում եմ, որ դա արեցիր, բայց չես կարողանում կառավարել, գնա, եղբայր: Ես այդ ժամանակ գտնում էի, որ փոփոխություններ են պետք: Ու առհասարակ, սխալից պետք չէ ամաչել:

– Բայց պետք է ընդունել, չէ՞, Դուք ասում եք՝ ոգևորված եք եղել…

– Հիմա ձեր տաղավարում, որ ասում եմ՝ սխալ եմ արել, դա ընդունել չէ՞, այլ ոչ թե փակվում եմ ու ասում՝ այս ինչ եմ արել: Ես այնտեղ եմ եղել, լսել եմ ամեն բառ, բայց հիմա համաձայն չեմ ձեր հետ: Այնպես չէ, որ այնտեղ եմ եղել, հիմա պարտավոր եմ ձեր հետ գնալ մինչև խոր ծերություն: Ես սխալներ եմ տեսնում և պարտավոր եմ բարձրաձայնել, որովհետև ձեր իշխանությունը ինձ ասաց՝ քայլ արա, ու ես պահանջատեր եմ: Մարդկանց ոգևորել եք, հորդորել եք, որ գան հրապարակ, ձեր կողքին լինեն, ձեզ վստահեն, իսկ ամենամեծ բանը վստահությունը չարաշահելն է: Դուք հիմա իրավունք չունեք ոչ մեկի բերանը փակել:

– Այս ընթացքում ռեստորանների աշխատակիցները, սեփականատերերը մի քանի անգամ բողոքի ակցիաներ կազմակերպեցին, առաջին ակցիային Դուք մասնակցում էիք, Ձեզ բերման ենթարկեցին, վերջին ակցիային չէիք մասնակցում: Նահանջե՞լ եք արդեն:

– Չեմ նահանջել, ես իմ խոսքն ասել եմ: Հիմա Ձեր շնորհիվ արտահայտում եմ իմ մտքերը: Ի՞նչ՝ գնամ այնտեղ կանգնեմ, օրս փչացնեմ, տանեն ոստիկանություն, հետո ներողություն խնդրեն, բաց թողնե՞ն:

– Ինչո՞ւ չեն լսում քաղաքացիների բողոքը:

– Բա իմ մտահոգությունը հենց դա է՝ 3 մլն վարչապետ… ինչո՞ւ չեք լսում Սարգիս Գրիգորյան վարչապետին: Դուք եք, չէ՞, գժոտ լոզունգներ ասել, ինչքա՜ն լուրջ բառեր եք հեղինակազրկել: Ինչո՞ւ եք հիմա կարծում, որ այն մարդիկ, որոնք ունեն այլ կարծիք, դեմ են ձեզ: Ասում են՝ տաքսի քշի. Ինչի՞ պետք է ես տաքսի քշեմ, դա ամեն մեկի բանը չէ, ամեն երկրորդ վթարը տաքսիներից է լինում, հետո էլ անվտանգությունից եք խոսում:

– Իսկ մոտավորապես ե՞րբ եք պատրաստվում մեկնել Ռուսաստան:

– Եթե այսպես շարունակվի, կգնամ: Ես մենակ չեմ, ես ունեմ թիմ, որոնք նայում են իմ աչքերի մեջ, ու հաստատ ես չեմ ուզում տաքսի քշել, որովհետև ես դրա համար չեմ ստեղծված, ամեն մարդ ինչ-որ բանի համար է ստեղծված: Միշտ էլ կան ելքեր, հեշտ է՝ փակել, կոտրել, ջարդել, տալ ասֆալտին, հայհոյել, դժվար է՝ մտածել, դաստիարակել, ստեղծել, կայացնել ու ելքեր փնտրել: