Ես հպարտ եմ, որ սպանել եմ «Թալիբան»-ի գրոհայիններին. աֆղանցի աղջիկը սպանել է հորն ու մորը սպանած գրոհայիններին

Հեռավոր նահանգից աֆղանացի դեռահաս աղջիկը սպանել է «Թալիբան» շարժման երկու գրոհայինների, որոնք գնդակահարել են իր ծնողներին:

Մի քանի տղամարդ թակել են Աֆղանստանի կենտրոնում գտնվող գյուղերից մեկի աղյուսե տան դուռը: Գիշերվա ժամը մեկն է եղել։

Վախենալով՝ 15-ամյա Կամար Գյուլը ցատկել է անկողնուց եւ բռնել կրտսեր եղբորը: Կողքի սենյակում արթնացած ծնողները զգուշորեն մոտեցել են դռանը: Դրա հետեւում կանգնած են եղել թալիբները:

Գրոհայինները Կամար Գյուլի մորը եւ հորը հրամայել են բացել դուռը: Նրանք հրաժարվել են: Մի քանի րոպե անց մի խումբ զինված անձինք ներխուժել են տուն:

«Նրանք մորս տարան դուրս եւ գնդակահարեցին: Հետո հորս դուրս հանեցին փողոց եւ նույնպես սպանեցին»,- Աֆղանստանի «Ազատություն» խմբագրության հետ հեռախոսազրույցում ասել է Գյուլը:

Մինչ նրա ծնողներին մահապատժի էին ենթարկում, Գյուլը գնացել եւ վերցրել է Կալաշնիկովի AK-47 ինքնաձիգը: Երբ գրոհայինները փորձել են նորից մտնել տուն, Գյուլը կրակել է նրանց վրա՝ սպանելով երկու թալիբների եւ վիրավորելով մեկին:

«Ինձ հաջողվեց սպանել նրանցից երկուսին»,- ասել է Գյուլը՝ հավելելով, որ ժամանած կառավարամետ աշխարհազորայինները հետապնդել են մնացած գրոհայիններին:

«Ես հպարտ եմ, որ սպանել եմ «Թալիբան»-ի գրոհայիններին: Ես սպանել եմ ծնողներիս սպանողներին: Ես պայքարելու եմ «Թալիբան»-ի դեմ մինչեւ արյան վերջին կաթիլը»,- ասել է Գյուլը, որին նահանգի կառավարությունը կրտսեր եղբոր հետ անվտանգ վայր է տեղափոխել։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին, Աֆղանստանի կենտրոնական հեռավոր լեռնային Գոր նահանգի Թայվարա շրջանում: Կառավարությունն այդ մասին հայտարարել է միայն հուլիսի 20-ին: