Եվս մեկ խայտառակություն՝ ստորացուցիչ պայմանագրի ստորագրումից հետո

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թուրքական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսով երեկ քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման հարցը:

«Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման համար: Կարևորվել է կրակի լիարժեք դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումը, որը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ փոխգործակցության համատեքստում Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությամբ նախատեսված համալիր միջոցառումների իրականացման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա սերտ համագործակցության վերաբերյալ՝ հայտարարության մեջ նշված միջոցառումների իրականացման համատեքստում։

Փաստորեն, Պուտինն ու Էրդողանը նոյեմբերի 9-ի Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի շրջանակներում հետագա սերտ փոխգործակցության հիմքեր են գցում:

Նույն հեռախոսազրույցի մասին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում էր, որ Պուտինը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կնքված պայմանավորվածությունների մասին, որոնք արձանագրվել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։
«Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման հասնելու համար: Հատկապես նշվել է ամբողջական հրադադարի մասին համաձայնության ձեռքբերման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս դադարեցնել արյունահեղությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ համագործակցության մասին` հայտարարության մեջ նախատեսված մի շարք միջոցառումների իրականացման համատեքստում»:

Սակայն հետո թուրքական աղբյուրները հայտնեցին հեռախոսազրույցի ընթացքում ձեռքբերված կոնկրետ պայմանավորվածության մասին: Ահա ուրեմն, Ալիևը և Էրդողանը քննարկել են հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծման հարցը:

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման թուրք-ռուսական դիտորդական խաղաղապահ կենտրոնի ստեղծման հարցը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծումը և համոզմունք են հայտնել, որ կենտրոնը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Սա ինչպես ասում են՝ նոր «անակնակալ»՝ Արցախում թուրքական ներկայության լեգիտիմացման հարցում: Թերևս, նպատակ ունենալով մեղմել հայ հասարակությունում վիրավորանքի ու իրեն հասցված թիկունքից հարվածի ցավը, Մոսկվան շտապեց մեղմել իրադրությունը…

Ռուս-թուրքական կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում և ոչ մի առնչություն չի ունենա Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ գործողության հետ, երեկ երեկոյան շտապեց հայտարարել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Պարզ է, որ եթե ռուս-թուրքական ստեղծվող կենտրոնը կապ չունենար խաղաղապահ գործողության հետ, ապա այն կարող էր ստեղծվել օրինակ՝ 1 ամիս, կամ 1 տարի առաջ:

Հետո, ինչ ասել է «ռուս-թուրքական կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում»… Օրինակ, «ազատագրված տարածքներից» որևէ մեկը Ադրբեջանին վերադարձից հետո, այն կարող է տեղակայվել ցանկացած տարածքում՝ Արցախին սահմաններին կպած:

Այնպես որ, խնդրեմ, ևս մի «ձեռքբերում»՝ Փաշինյանի ստորագրված ստորացուցիչ պայմանագրի խայտառակ «պտուղների» հիմքով: