Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ կարծում եմ՝ այս հարցում բոլորն ունեն նույն կարծիքը և սա այն տարբերակն է, որը կարող է միավորել բոլորին․ Ռոբերտ Քոչարյան

Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի քան 70 համախոհների և աջակիցների հետ: Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք անցած երկու տարում պայքարել են անարդարության, Սահմանադրության և օրենքների ոտնահարման դեմ:

Zoom ձևաչափով մեկժամյա հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է մի շարք հարցերի` Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, Արցախյան հիմնախնդրի, պետության անվտանգության, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, հեռանկարների, աջակիցների հետագա անելիքների ու անձնական հարցերի վերաբերյալ: 

«Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում։ Այստեղ շատ ու շատ շտկելու բաներ կան։ Երևի հիմա չարժի մտնել մանրամասնությունների մեջ։ Մոտակա ժամանակներում այս կարևորագույն հարցի վերաբերյալ առանձին հարցազրույց կունենամ և կփորձեմ նաև մանրամասնել այն մտահոգությունները, որոնք ունեմ»,- ասել է ՀՀ 2-րդ նախագահը։

Աջակիցների հետ հեռավար հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ այս թիմով պետք է փորձել շարժում ձևավորել Հայաստանում

«Մենք մոտակա ժամանակներում պետք է փորձենք աջակից բառից անցնել թիմակից բառին, որը բնութագրում է որոշակի համատեղ քայլերի ուղղվածություն։ Պետք է փորձենք այս թիմով շարժում ձևավորել Հայաստանում։ Հուսով եմ, որ պատրաստ եք նման զարգացումների, բայց իմ կարծիքով այդպիսի տրանսֆորմացիան ամենից բնականը կլինի այսօր։ Անելիքները շատ-շատ են, մեր ճանապարհը բարդ է, բայց անցանելի ճանապարհ է և ես համոզված եմ, որ միասին, ձեր աջակցությամբ, ձեր պայքարով մենք հասնելու ենք մեր նպատակներին։ Ես հավատում եմ դրան»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով համավարակի դեմ պայքարին՝ ՀՀ 2-րդ նախագահը նկատեց, որ պետական համակարգը աշխատեցնելու փոխարեն, իշխանությունները համավարակի դեմ պայքարի միակ միջոց են ընտրել դիմակ կրելը։

«Տպավորությունն այնպիսին է, որ պետական ինստիտուտները խանգարում են երկրի ղեկավարին։ Այսօր կա պետական համակարգ, որը խանգարում է այսօրվա իշխանությանը։ Սա այս իշխանության ամենաթույլ տեղն է, որովհետև առանց կայացած պետական համակարգի ոչ մի պետություն չի կարող զարգանալ։ Այդ համակարգի աշխատանքի բացակայությունն է, որ այսօր ունենք համաճարակի այս խայտառակ ցուցանիշները։ Պետական համակարգն աշխատեցնելու փոխարեն, կենտրոնացել ենք պարզունակ լուծումների վրա։ Դիմակ կրելը դարձել է միակ միջոցը համաճարակի դեմ պայքարում»,- նշել է նա։

Ներկայիս Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը ևս, ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ հիմնված է ՀԴՄ կտրոնի վրա, ինչպես դիմակը՝ համավարակի դեմ պայքարում։

«Տնտեսական քաղաքականության վրա կարելի է ազդեցություն ունենալ միայն լինելով կառավարության շրջանակներում։ Պատասխանատուն տնտեսական հետևանքների և իրավիճակի համար ՀՀ գործադիր իշխանությունն է։ Հիմա ինչ ձևով մենք կարող ենք ազդել այս գործընթացների վրա, մի քիչ ֆակուլտատիվ բնույթ ունի։ Ուղղակի ազդեցություն, իհարկե, չենք կարող ունենալ, բայց քննադատելով, ճանապարհ ցույց տալով, այնուամենայնիվ, պետք է փորձենք ինչ-որ տեղ անել հնարավորը՝ մեր ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար։ Սա շատ փոքր հնարավորություն է հատկապես մի իշխանության ժամանակ, երբ իրենք պատրաստ չեն լսել որևէ մեկին, հատկապես ընդդիմադիր կեցվածք ունեցող փորձագետներին, մասնագետներին, տնտեսագետներին, քաղաքական գործիչներին»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ 2-րդ նախագահի կարծիքով՝ ՀՀ խնդիրները «Կառավարության շենքում» են․ «Այս անգամ իմ մոտ լավատեսությունն ավելի մեծ է, որ հնարավոր կլինի համախմբվել այս իրավիճակից դուրս գալու համար։ Ընդդիմադիր ուժերի և հատկապես արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մասին է խոսքը։ Ինչն է այսօր երկրի պրոբլեմը և ով է այդ պրոբլեմների հեղինակը։ Այս հարցում, կարծում եմ, բոլորն ունեն նույն կարծիքը։ Այս հարցը այն պարզ տարբերակն է, որը կարող է միավորել բոլորին։ Երկրի պրոբլեմը այստեղ է, կառավարության շենքում»,- ասաց նա։