Էմանուել Մակրոնը խիստ զգուշացում է տվել Թուրքիային

Էմանուել Մակրոնը խիստ զգուշացում է տվել Թուրքիային։ Նա շեշտել է՝ «շատ շուտով» հանդիպելու է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։

«Ֆրանսիան այս ծանր պահին կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին։ Կոչ եմ անում Թուրքիային վերջ տալ իր սադրանքներին, որևէ քայլ չանել, որը կարող է վնասել տևական խաղաղության հնարավորությանը։ Խնդրի տևական լուծումը պետք է «պաշտպանի Հայաստանի շահերը»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հարկ է «առանց հապաղելու» ջանքեր գործադրել գտնելու համար «հակամարտության հաստատուն քաղաքական լուծում, որը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը թույլ կտա ապրել լավ պայմաններում եւ կնպաստի իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձին»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը՝ հավելելով, որ հետամուտ է լինելու Ռուսաստանի հետ խորհրդակցություններին ու շատ շուտով հանդիպում է ունենալու Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։

Ֆրանսիան շեշտում է ևս մեկ անգամ՝ ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի «Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու նկրտումները»։ «Ֆրանսիան հորդորում է Թուրքիային վերջ տալ սադրանքներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Նա պետք է զսպվածություն դրսեւորի եւ չձեռնարկի գործողություններ, որոնք կխոչընդոտեն հակամարտության կողմերի միջեւ երկարաժամկետ համաձայնագրի շուրջ բանակցություններին»,- ասվում է հրադադարի հաստատման վերաբերյալ Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ՝ Թուրքիային հատուկ զգուշացում է ուղարկել Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը. «Մենք կարևորում ենք, որ Թուրքիան բացարձակապես խստորեն պահպանի համաձայնեցված հրադադարի ռեժիմը, քանի որ հակառակ դեպքում ռիսկի է դիմում՝ ենթարկվելու ավելի խիստ պատժամիջոցների։ Ավելի վաղ Եվրոմիության 27 երկրներ համաձայնության են եկել, որ եթե Թուրքիան չփոխի իր ագրեսիվ վարքը, ապա նրա դեմ քայլեր կձեռնարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցներ։ Այդ տարբերակներն արդեն սեղանի վրա են։ Ես մեկ անգամ չէ, որ խոսել եմ Թուրքիայի ռազմաշունչ և անընդունելի պահվածքի մասին: Նախագահ Էրդողանն ատելության կոչեր է անում մեր երկրի նկատմամբ և վիրավորում է այն արժեքները, որոնք մեր ազգի հիմքն են»,- ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լե Դրիանը: