Էրդողանի փեսան իր աջակցությունն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումներին` իր աջակցությունը հայտնելով «եղբայրական» Ադրբեջանին:

Ալբայրաքը գրել է, որ վճռականորեն դատապարտում է «Հայաստանի հարձակումը եղբայրական Ադրբեջանի վրա, միշտ Ադրբեջանի կողքին ենք, ընդունում ենք Ադրբեջանին որպես ընկեր և եղբայր ու շարունակելու ենք աջակցել»:

Ալբայրաքը նաև մաղթել է «հանգստություն ադրբեջանցի զոհվածների հոգիներին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին։

Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։ Այսօր արդեն Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևը հայտնել է, որ Թովուզի ուղղությամբ սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը: