Ընդդիմության գլխավոր ճակատամարտը Փաշինյանի դեմ. հայտնի է օրն ու ժամը

Նոյեմբերի 10-ին հաջորդած հավաքները և ակցիաները հուշում են այն մասին, որ ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու հարցում լուրջ տրամադրվածություն ունի: Փաշինյանի կողմից ոստիկանական մեծ ուժերի կենտրոնացումը ևս փաստում է, որ վերջինս լուրջ մտահոգվելու տեղիք ունի:

Այս կոնտեքստում սակայն հարցեր են առաջանում, որոնց պատասխանը առաջին հերթին պետք է տան Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը: Այն, որ Փաշինյանը այլևս չունի այն վստահությունը, որը ուներ 2 տարի առաջ, դա փաստ է, սակայն հասարակության զգալի մասը սպասում է անունների: Մարդկանց, ովքեր կառաջնորդեն իրենց և ինչպես ընդդիմությունն է ասում՝ կձևավորեն ժամանակավոր կառավարություն:

Այս իրավիճակում շարունակվում են Փաշինյանի պատգամավորներին քննադատող, փողոցները փակող, ինչպես նաև պաստառներ կպցնող ակցիաները, սակայն իրական իշխանափոխության համար պետք են անուններ: Առանց այդ անունների հասարակության զգալի հատվածը դժվար դուրս գա փողոց:

Տարածվող լուրերը հուշում են այն մասին, որ շուտով այդ թեկնածուի անունը հայտարարվելու է: Վերջին ամենամեծ համապետական հանրահավաքի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ շուտով կհրապարակվի ընդդիմության թեկնածուն:

Այսօր արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 5-ին տեղի է ունենալու մեծ համապետական հանրահավաք: Այն լինելու է բոլոր ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ: Ամենայն հավանականությամբ, հենց այդ հավաքի ընթացքում էլ կհայտարարվի թեկնածուի անունը: Կարելի է ասել, որ այդտեղից՝ կախված թեկնածուի անունից արդեն պարզ կլինի պայքարի ապագան:

Եթե հասարակության համար լինի ականջահաճո անուն, ապա Փաշինյանը ամենայն հավանականությամբ հեռանալու է, եթե ոչ, ապա ընդդիմությունը առնվազն ստիպված է լինելու սպասել կես տարի: Անկախ ամեն ինչից սա ընդդիմության վերջին ճակատամարտն է լինելու այս տարվա համար և այդ ճակատամարտից շատ բան է կախված: Հնարավոր է, որ հասարակությունը դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին իմանա այլընտրանքային թեկնածուի անունը: