Թեհրանը սթափվե՞լ է․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտը՝ նոր սպառնալիք ուղղված Իրանի դեմ

Ղարաբաղյան հակամարտության ավարտը և Իրանի սահմանների մոտ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի հաստատումը և ռուսական ուժերի տեղակայումը, մասամբ գոհունակություն է պատճառել Իրանի որոշ քաղաքական շրջանակներին, որոնք հակված էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ռուսաստանի կողմից առաջարկված լուծումներին հետևելու քաղաքականությանը։ Ինչպես հայտնի է,  2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ի վեր Իրանը, իր սահմանների անվտանգությունը պահպանելու համար զգալի զինտեխնիկա և ցամաքային ուժեր էր կուտակել Իրան-Հայաստան և Արցախի հետ համատեղ սահմանային գոտում: Այժմ Իրանի համար կարևոր է, որ այդ տարածքներում հաստատվելու են Ռուսաստանի խաղաղապահներ, որոնք Իրանի տեսակետից կարող են նպաստել Թուրքիայի միջոցով Սիրիայի հյուսիսային շրջաններից տարածաշրջան տեղափոխված թաքֆիրական ահաբեկիչների հեռացմանը կովկասյան տարածաշրջանից, սակայն դա որքանո՞վ է համապատասխանում ճշմարտությանը, մտածելու տեղիք է տալիս:

Սակայն, ընդհանուր առմամբ, իրադարձությունների նկատմամբ Իրանի անուշադրությունը և ռազմա-քաղաքական զարգացումների ընկալման ու ճիշտ գնահատման դանդաղկոտությունը, ինչն բնորոշ է իրանական դիվանագիտության անփութությանն ու դանդաղ գործելակերպին, պատճառ է դարձել, որ տարածաշրջանային մրցակից տերություն Թուրքիան և Իրանի իսլամական համակարգի թշնամի Իսրայելը  կարողանան Լեռնային Ղարաբաղի պատերազմի հարթակում Իրանի կրավորական մոտեցումը օգտագործելով՝ իրենց ներկայությունը հաստատել Իրանի հյուսիսային հարևան հանդիսացող Ադրբեջանում։ Այս իրավիճակն անկասկած  ավելի լայն ասպարեզ  է բացում թաքֆիրական ահաբեկիչ զինված խմբերի համար Իրանի դեմ ուղղված հետագա դիվերսիոն գործողությունների համար: Հետևաբար անհրաժեշտ է, որ Իրանը, քանի դեռ ուշ չէ, վերանայի  Հարավային Կովկասի «ոսկե» շրջանում իր դերակատարությունը և փորձի սպառնալից վիճակից դուրս գալու համար փրկել իր սահմանները թուրք-ադրբեջանական տանդեմի վտանգից:

Մինչ Իրանի արտգործնախարարությունը և իշխանության կրոնական օղակը ապակառուցողական մոտեցում ընդունելով՝ պաշտպանում էին Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական տանդեմի պատերազմական գործողությունները, որոնք ուղղված էին Արցախի Հանրապետության տարածքները գրավելուն և ողջունում էին հայկական ուժերի վերահսկողությունից դուրս բերելու Ադրբեջանի ագրեսիվ ջանքերն ու հաջողությունները և մյուս կողմից ընդգծում էին  Հայաստանի Հանրապետության անվտանգության և իրավունքների պաշտպանությունը, գործնականում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Իրանի անհավասարակշիռ ու երկակի քաղաքականությունը հանգեց  Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի եռանկյունի համագործակցության փայլուն հաջողությանը տարածաշրջանում և Իրանին զրկեց իր հյուսիսային տարածքներում կայունության և անվտանգության պահպանման երաշխիքներից, ինչը մինչ այդ հուսալիորեն և փայլուն կերպով իրականացվում էր Հայաստանի և Արցախի զինված ուժերի կողմից:

Անկասկած այժմ Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տեղակայված թաքֆիրական ահաբեկիչներն սպառնալիք են հանդիսանում Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությանը և տնտեսական և քաղաքական շահերի դեմ:

Այժմ Իրանը թեև ուշացած հասկանում է, որ Իսրայելը և թաքֆիրական ահաբեկիչները բացահայտ և ակտիվորեն ներկա են Ադրբեջանում, և այժմ երբ Արցախի  որոշ քաղաքներ և գյուղեր վերադարձվել են Ադրբեջանին, իսրայելացիների և թաքֆիրական խմբերի  ներկայությունն կավելանա Իրանի սահմանների մոտ: Այս համատեքստում Բաքվի և Անկարայի հարաբերությունները, անկասկած, կարևոր խնդիր են Իրանի համար և ցույց  է տալիս նշանակալի աշխարհաքաղաքական փոփոխություն Հարավային Կովկասի տարածաշրջանում, որի մասին Իրանը, կրկնում եմ, ուշացումով է սթափվել և հասկացել խնդրի լրջությունը:

Իրանի հետ Հայաստանի ցամաքային կապի խզումը թուրքական միջավայրում Հայաստանին բազմակողմանի պաշարման տակ դնելուց բացի, նաև  աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ կստեղծի Իրանի համար, քանի որ Երևանի և Թեհրանի միջև կան բազմաթիվ առևտրային հարաբերություններ, որոնք 2020 թ․-ին կազմել են մոտ 400 միլիոն դոլար:

Հատկանշական է, որ զգալով Թուրքիայի նոր-օսմանական նկրտումների վտանգը և ջիհադիստների ներկայությունն Արդբեջանի հետ ընդլայնված անհուսալի սահմաններում,  Իրանին այժմ հուզում է նաև այն հարցը, թե Ռուսաստանի և այսպես կոչված Թուրքիայի խաղաղապահ ուժերի ներկայությունն Իրանի հյուսիսային սահմաններում ինչպես է լինելու,  քանի որ դեռևս Նախիջևանը Ադրբեջանի հանրապետությանը միացնող միջանցքի մասին մանրամասները չեն հրապարակվել, թե ո՞րտեղից է այն անցնելու և ինչպիսին կլինի իրավիճակն Իրանի և Հայաստանի սահմանի հետ: Ենթադրվում է, որ այս ճանապարհը կարող է անցնել Իրանի սահմանի մոտ, ինչը կարող է կտրել Իրանի ցամաքային ճանապարհը դեպի Հայաստան:

Նոր իրավիճակում Իրանը գրեթե ամբողջությամբ դարձել է Ադրբեջանի  հարևանը իր հյուսիս-արևմտյան սահմաններում: Չնայած Հայաստանի կողմից ղարաբաղյան պատերազմի օրերին բազմիցս հնչեցրած նախազգուշացումներին, այժմ Իրանի հոգևոր և ռազմական իշխանությունները և վերջերս ԻԻՀ Ազգային Անվտանգության գերագույն խորհուրդը սթափվելով հասկացել են, որ Ադրբեջանի կառավարիչների գործողությունները, որոնք Թուրքիայի օգնությամբ դուռ են բացել Իսրայելի և Սիրիայի  օկուպացված հյուսիսային շրջանների թաքֆիրական ահաբեկիչների համար դեպի Իրանի հյուսիսային սահմաններ, որի արդյունքում Իրանի հյուսիսարևմտյան սահմանը գործնականում և բոլոր հատվածներում բախվում է Իսրայելի, թաքֆիրական ահաբեկիչների ներթափանցման և լրտեսության սպառնալիքի և Էրդողանի կողմից աջակցվող պանթուրքական շարժումների դավադրություններին:

Հատկանշական է, որ օրերս, Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը հայտարարել է.«Ադրբեջանում մշակվում են գրավված Լեռնային Ղարաբաղի տարածքներում մի շարք նախաձեռնությունների գործադրման ծրագրեր, այդ թվում՝ ԱԹՍ-ներ արտադրելու Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի համատեղ նախագիծը»:

Հատկանշական է, որ Իլհամ Ալիևի ընդդիմադիրները պնդում են, որ ստորագրելով խաղաղության համաձայնությունը, որում խոսք չկա ԼՂ կարգավիճակի և այդ տարածքի վրա Ադրբեջանի բացարձակ իշխանության մասին, վերջինս փորձել է Ղարաբաղի հակամարտությունը թողնել չլուծված և այդպիսով երաշխավորել սեփական իշխանության շարունակությունը: Իսկ Իրանի համար սա իրոք շատ վատ լուր է, քանի որ Ալիևը շարունակելով իր ավտորիտար և ռասիստական քաղաքականությունը Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների և Իրանի կողմից հովանավորվող շիա խմբակցությունների նկատմամբ ճնշումները, կփորձի Իրանի ազդեցությունը առավել  թուլացնել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև ամբողջ կովկասյան տարածաշրջանում։

Քանի որ Ադրբեջանում բռնատիրական կարգերի հաստատման գործընթացը, որը հետապնդվում էր վերջին տասնամյակների ընթացքում Իսրայելի, Ռուսաստանի, Թուրքիայի և Արևելյան ու Արևմտյան այլ երկրներից գնված սպառազինությամբ և բանակի և ռազմական տեխնիկայի ուժեղացման միջոցով,  Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո նաև կշարունակվի՝ Ադրբեջանի տարածքը Նախիջևանի ցամաքային կապի միջոցով Թուրքիային միացնելու մտադրությամբ և նպատակներով: Այս գործընթացն ամբողջովին կլրացնի Իրանի միջազգայնորեն մեկուսացմանը և Իրանին կզրկի Հայաստանի տարանցիկ ճանապարհների հնարավորությունից դեպի Եվրոպա, Ռուսաստան և Միջին Ասիայի տարածաշրջանի  մուսուլման երկրները, և սա հատկապես վկայում է այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերահսկողության շուրջ հակամարտությունը խաչմերուկ է հանդիսանում  Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նման տերությունների և Մերձավոր Արևելքում նրանց աճող դերի մասին, ընդ որում՝ Իրանի սխալ և անխոհեմ ու դանդաղկոտ քաղաքականության հետևանքով Թեհրանն այժմ հայտնվել է պարտվող կողմերի շարքում:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում,  Իսրայելը և Թուրքիան կփորձեն ակտիվացնել իրենց դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի չլուծված ճգնաժամի պատրվակով՝ միաժամանակ ամրապնդելով իրենց ռազմավարական գործընկերությունը հօգուտ Ադրբեջանի հանրապետության, և մյուս կողմից կձգտեն մեծացնել էթնիկ և կրոնական անկայունությունը Իրանում և դրա միջոցով առավելագույն ճնշումը գործադրել Իրանի իսլամական համակարգի վրա՝ թուլացնելով նրա դերակատարությունը կովկասյան և Մերձավոր Արևելքի տարածաշարջաններում:

Կասկած չկա, որ այժմ Իրանի իսլամական համակարգի իշխանության և անվտանգության որոշ օղակներում արդեն դանդաղկոտությամբ հասկանում են, որ Ադրբեջանում պանթուրքիստների և ահաբեկչական ջիհադիստ խմբերի ներկայության և ազդեցության արդյունքում Իրանը կարող է հայտնվել  ներքին պանթուրանիստական և հյուսիսային սահմաններից ներթափանցող թաքֆիրական զինված խմբերի ճնշման տակ:

Ավելին՝ Լեռնային Ղառաբաղի պատերազմում իսրայելական զենքի կիրառման արդյունքում ավելի է ամրապնդվել Իսրայելի ռազմաքաղաքական ազդեցությունն Ադրբեջանում,  ինչը կնպաստի Կովկասում և Կասպից ծովում Իսրայելի դիրքերի ամրապնդմանը, ինչն ավելի քան երբևէ վտանգավոր է Իրանի իսլամական համակարգի համար:

Իրանի թույլ և անտարբեր քաղաքականության հետևանքով Իրանի իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանին պարտադրված պարտությունը դեռ  երկար ժամանակ կվնասի նաև Թեհրանի շահերը տարածաշրջանում և որից դուրս գալու համար թե՛ Հայաստանի իշխանությունները և թե՛ Իրանի պետությունը օր առաջ պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն առևտրատնտեսական, քաղաքական, ռազմական, տրանսպորտային, էներգետիկ, մշակութային և այլ ոլորտներում ռազմավարական ամուր և երկարատև՝ կայուն համագործակցությունների ընդլայնման և խորացման նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ: Սա երկու բարեկամ և հարևան ժողովուրդների վերջին շանսն է այս պատմական տարածաշրջանում իրենց պետական գոյությունը վերահաստատելու և բոլոր ուժերը համախմբելու համար։