Թուրքական պլան Բ-ն և հայկական երաշխիք կանխավարկածը

1in.am-ը գրում է՝

Դիվերսիոն պատերազմ թելադրելը թուրքական պլան Բ-ն է, որ գործի է դրվում Արցախի դեմ պատերազմում: Եվ այն գործի է դրվում, որովհետև պլան Ա-ն ձախողվե՞լ է, թե՞ որովհետև այն ըստ էության ավարտել են՝ հարաբերական արդյունքով, որոշակի տարածքային առաջխաղացումով, բայց առանց որևէ ռազմավարական ամրության՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական իմաստով:

Արդեն մի քանի օր ակնհայտ է պատերազմի փուլի փոփոխությունը: Թուրքերը փորձում են թելադրել դիվերսիոն պատերազմ, որի մի նպատակը թերևս պարզ է վաղուց՝ նկարներ ուղարկել Ալիևին: Կարող ենք դիտարկել մեկ այլ նպատակ՝ արցախյան ուժերին փորձել պարտադրել, այսպես ասած, ապակենտրոն պայքար: Բայց ո՞րը կարող է լինել դրա նպատակն ու առավել ևս իմաստը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ արցախցիները իրենց լեռներում ուղղակի դժոխք են կազմակերպում թուրք հատուկջոկատայինների, ադրբեջանցիների և վարձկան-ահաբեկիչների համար:

Այդ հանգամանքը թույլ է տալիս կարծել կամ եզրակացնել, որ պլան Բ-ի թուրքերն անցել են ոչ թե պլան Ա-ն թեկուզ հարաբերական արդյունքով ավարտելու, այլ հենց ձախողելու հետևանքով, որովհետև նրանք անցել են պլան Բ-ի, որտեղ միակ շատ որոշակի և հստակ բանն այն է, որ նրանք հայտնվել են ռազմական իմաստով դժոխքում: Սակայն սա իհարկե մեր զինված ուժերի և հրամանատարության համար չպետք է լինի շփոթեցնող, որովհետև վերջին հաշվով հակառակորդի պլաններին մենք, այսպես ասած, ընթացիկ, պոստֆակտում տրամաբանությամբ չէ, որ պետք է հաղորդակցվենք, այլ փորձենք լինել առաջանցիկ դինամիկայում և կանխորոշել հնարավոր ամեն ինչ: Հետևաբար մենք, ընդ որում ոչ միայն զինված ուժերը, այլև դրանց թիկունքի ապահովման կարևորագույն առաքելություն ունեցող համայն հայությունը, պետք է գործենք ոչ թե թշնամու տապալվածության, այլ թշնամու, այսպես ասած, խորամանկության և նենգության կանխավարկածից ելնելով:

Դա կերաշխավորի թշնամու տապալումը՝ անկախ այն բանից, թե ինչ զարգացումներ են պատկերացնում իրենց պլան Բ-ն գործի գցելով: Որովհետև մենք խոշոր հաշվով դեռևս չգիտենք, թե որն է թշնամու սանձազերծած պատերազմի առանցքային հարվածային ուղղությունը, մենք չենք կարող վստահ լինել՝ անցե՞լ ենք այն, թե՞ դեռ առջևում է: Հետևաբար մենք պետք է մշտապես գործենք այն կանխավարկածով, որ դա դեռ առջևում է: Դա մեր ամրության և հաղթանակի երաշխիք կանխավարկածն է: