Թուրքիայի ու Ադրբեջանի նենգ ծրագրերն ու մեզ անդունդի եզրին պահող Նիկոլի համառությունը

Hayeli.am-ը գրում է՝

10 օր է լրանում, ինչ ստորագրվեց Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ փաստաթուղթը՝ զինադադարի վերաբերյալ: Հայաստանի կողմից կապիտուլյացիայի լեգիտիմացում է տեղի ունեցել, և մենք միայն ունենք այս պահի դրությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմի հայտարարություն, որ իրեն միակ պատասխանատու է համարում:

Եվ ի՞նչ, ոչ մի բացատրություն, թե ինչու Հայաստանն ու Արցախը պատրաստ չէին պատերազմին: Համացանցում հայտնված տարբեր քննարկումներից պարզ է դառնում, որ Արցախի պաշտպանություն որպես այդպիսին չի կազմակերպվել, տոտալ անկարգապահություն ու անպատրաստավածություն է եղել: Եվ եթե գլոբալ՝ զինատեսակների տարբերության, մասնավորապես ԱԹՍ-ների դեմ պայքարի դեմ համարժեք պաշտպանություն չունենալու խնդիրն ակնհայտ էր, ապա շատ այլ խնդիրներ գոնե կարող էին կարգավորվել, որոնք չեն կարգավորվել:

Այս մթնոլորտում պետությունը պետք է կազմակերպվի՝ դիմագրավելու նոր հնարավոր մարտահրավերների: Ամենագլխավորը՝ փաստաթղթի 9-րդ կետով՝ Հայաստանի տարածքով, Հայաստանի ինքնիշխանության հաշվին Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային ուղիների ապահովումն է, որը պետք է իրականացնի Հայաստանի: Ըստ փաստաթղթի՝ Հայաստանը պարտավոր է դա ապահովել, իսկ հսկողություն պետք է իրականացնի ռուսական ՖՍԲ-ն: Հայաստանի ինքնիշխանության դեմ այս խայտառակ կետը լի է վտանգներով: Սա Սյունիքը հայաթափելու հստակ սպառնալիք է:

Իսկ Թուրքիան արդեն իսկ լծվել է Ադրբեջան-Նախիջևան երկաթգծի կառուցմանը: Ադրբեջանը հայտարարել է, թե՝ «կառուցելու է Ֆիզուլի-Շուշի-Եվլախ-Խանքենդի» ավտոճանապարհ է ստեղծել: Այսինքն՝ «Խանքենդին» ադրբեջանցիները անվանում են Ստեփանակերտը, ադրբեջանցիներով լցնելու հստակ նոր ծրագիր է իրականացվելու: Ադրբեջանը աշխատանքներ է իրականացնում արդեն Զանգելանի շրջանում՝ Կովսականում ոսկու արդյունահանման ուղղությամբ: Ադրբեջանը Շուշիում արդեն մշակութային փառատոներ կազմակերպելու ծրագրերի մասին հայտարարություններ է անում արդեն 2021թ.-ին:

Եթե այս ամենին էլ գումարենք՝ Թուրքիայի խորհրդարանի կողմից որոշումը՝ թուրքական բանակ ուղարկել Ադրբեջան, արդեն իսկ պարզ է, թե Հայաստանն ու Արցախն ինչ մասշտաբների վտանգների առջև են կանգնած:

Կա՞ մեր երկրում մի մարդ, որ համարում է, որ Փաշինյանը ունի բավարար հմտություններ, գիտելիքներ, դիվանագիտական «շնորհք», որպեսզի կարողանա գործընկեր պետությունների հետ քննարկել Հայաստանի ու Արցախի առջև կանգնած սպառնալիքները, ավելին՝ լուծել այդ խնդիրները:

Այսքանից հետո կարելի՞ է երկրի կառավարման ղեկը վստահել մի մարդու, որը ամեն վայրկյան կարող է անդունդ նետել Հայաստանը:

Մետաքսյա Շալունց