Թրամփը մատը մատին չի տվել. Նա կարող էր իր մտերիմ Էրդողանին ուղղված մի զանգով ավարտել Արցախում պատերազմը. Հարութ Սասունյան

1in.am-ը գրում է՝

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հետ:

– Պարոն Սասունյան, նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: Ինչպե՞ս է ազդելու Արցախի հակամարտության գոտում ԱՄՆ դերակատարությունը հայերի տրամադրությունների վրա: Ընդհանրապես, ամերիկահայերն ի՞նչ ակնկալիքներ ունեն թեկնածուներից:

– Ասեմ, որ ամերիկյան ժողովրդի և հավանաբար հայերի մեծ մասն արդեն փոստով քվեարկել է, մնացած մասն էլ կքվեարկի նոյեմբերի 3-ին: Այսինքն՝ ինչ որշում որ կայացրել էին, թե ինչպես պետք է քվեարկեն, մեծ մասն արդեն քվեարկել է: Շատ բան չի փոխվելու մինչև նոյեմբերի 3-ը, բացի արդյունքների հրապարակումից: Հաշվի առնելով նախագահ Թրամփի վարվելակերպը՝ եթե ընտրությունների արդյունքներով նա տեսնի, որ պարտվել է, հեշտ չի ընդունելու իր պարտությունը, սկսելու է ամեն տեսակ պատրվակներ բերել, թե ընտրությունները կեղծ են, քվեները կեղծ են, դիմելու է մինչև բարձրագույն դատարան: Եվ դրա արդյունքում որոշ ժամանակ կտևի, մինչև պարզեն, թե ով է հաղթողը:

Ինչ վերաբերում է ամերիկահայությանը, ապա նրանց մեջ կան Թրամփի հետևորդներ, ինչպես նաև կան Բայդենի հետևորդներ, և նրանք չեն ուզում իրար հետ համաձայնել, թե ոնց պետք է քվեարկեն: Ես կարծում եմ՝ լավ է, որ որոշ հայեր պաշտպանում են Թրամփին, և որոշ հայեր՝ Բայդենին, որովհետև այդ դեպքում մենք կունենանք մարդիկ, որոնք կարող են Թրամփին մոտենալ, նրա հետ կապ հաստատելու միջոցներ ունենալ:

Ինչ վերաբերում է Արցախի պատերազմին, կարծում եմ, որ ընտրություններից հետո Արցախի պատերազմի վերաբերյալ ոչ մի բան չի փոխվելու, որովհետև եթե Թրամփը պետք է մի բան աներ Արցախի համար, խաղաղության համար, արդեն մեկ ամիս անցել է, մենք հազարից ավելի զոհեր ենք տվել, իսկ Թրամփը մատը մատին չի տվել: ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնած զինադադարի փորձն էլ ձախողվեց, ինչպես նախորդ երկուսը: Ես որևէ բան չեմ սպասում, որ Թրամփը կանի, նրան չի հետաքրքրում հայությունը, Հայաստանը, որովհետև ես բազմիցս ասել եմ, որ նա շատ մտերիմ է Էրդողանի հետ, չի ուզում նրա դեմ որևէ քայլ անել:

– Կարծում եք, որ եթե Թրամփը բավարար ջանք գործադրեր, հիմա իրավիճակը կտրուկ փոխվա՞ծ կլիներ:

– Ես հենց դա եմ ասում, որ Թրամփն այնքան մտերիմ է Էրդողանի հետ, որ եթե ինքն իսկապես ուզենար, որ պատերազմը դադարի, Էրդողանին ուղղված մի հեռախոսազանգով կարող էր այդ պատերազմը վերջացնել: Բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը չէ, որ պատերազմում է, Թուրքիան է գլխավոր դերակատարը: Թրամփը այս ամենը կարող էր կանգնեցնել ոչ թե հիմա, այլ 30 օր առաջ, և մենք չէինք ունենա այսքան զոհեր:

– Ձեր գնահատմամբ՝ ԱՄՆ-ում ընտրությունները այս պահի դրությամբ կանխատեսելի արդյունք ունե՞ն: Բայդենը նախօրեին հայտարարել է, թե ինչեր կանի հայերի համար ընտրվելու դեպքում: Որքանո՞վ է Բայդենը ամերիկահայերի թեկնածուն:

– Արդեն ասացի, որ ամերիկահայերի մի մասը աջակցում է Թրամփին, մյուս մասը՝ Բայդենին: Նրանք, որոնք պաշտպանում են Թրամփին, իմ կարծիքով՝ կուրորեն պաշտում են նրան, և ինչ էլ անի կամ չանի, ընտրելու են նրան: Ինչքան էլ ասում էին, որ 4 տարվա մեջ Թրամփը մի բան կանի, բայց այդպես էլ ոչինչ չարեց, միայն վերջին օրերին 2 անգամ հայերի անունը տվեց, գովեց հայերին՝ առանց ասելու, թե ինքն ինչ պետք է անի: Միայն անուղղակի ասաց. «Մենք մի բան անելու ենք», բայց այդպես էլ չհստակեցրեց, թե ինչ պետք է անի, երբ պիտի անի: Բայդենը որոշ խոստումներ է տվել, բայց մենք այնքան ենք խաբվել քաղաքական գործիչների խոստումներից, որ չենք ուզում կուրորեն հավատալ որևէ մեկին՝ լինի Բայդենը, թե Թրամփը:

Որովհետև չենք ուզում հերթական անգամ հուսախաբ լինել: Բոլոր դեպքերում մենք չենք մեծ հաշվով որոշողը, որովհետև մենք փոքր թվաքանակ ենք ընտրողների մեջ: Եթե Բայդենը ընտրվի, առանց մեծ ակնկալիքների կսպասենք, տեսնենք, թե ինչ պետք է անի կամ չանի: Ինքն իր ամբողջ կյանքում եղել է հայանպաստ, ես ինքս անձնապես իր հետ խոսել եմ: Բայց կրկնեմ՝ պետք չի, որ մենք մեզ խաբենք: Հիշեցնեմ, որ երբ Օբաման ու Բայդենը իշխանության գլուխ էին, իրենք ոչինչ չարեցին, թեև բազմաթիվ լուրջ խոստումներ էին տվել: Այդ բոլոր խոստումները փուչ դուրս եկան, և մենք մեզ խաբված զգացինք: Չեմ ուզում նորից ծուղակն ընկնենք: