Ի՞նչ է քննարկել Պուտինը Արցախի վերաբերյալ. կայացել է ԱԽ նիստը

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիրական առաքելության խնդիրները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

«Զրույց է տեղի ունեցել ռուս խաղաղապահների գործունեության և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին»,- ասել է Պեսկովը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։