Ինչո՞ւ երեխան ոչինչ պարտական չէ իր ծնողներին և ինչպե՞ս չօտարանալ միմյանցից

Մինչ օրս կան շատ մարդիկ, որոնք վախենում են «ոչ» ասել իրենց ծնողներին և պատրաստ են զոհաբերել սեփական շահերն ու երազանքները, միայն թե կշտամբանքներ չլսեն։

Այսօր կփորձենք շոշափել այս շատ լուրջ թեման և օգնել արդեն հասուն երեխաներին հասկանալ, թե որտեղով է անցնում սեփական ցանկությամբ երախտագիտության և սեփական կամքով զոհաբերվելու միջև այդ նուրբ սահմանը։

Ես չէի լինի առանց քեզ, սակայն իմ ծնունդը՝ քո ընտրությունն է եղել

Շատ ծնողներ սիրում են հաճախ նման մտքեր արտահայտել. «Ես քեզ ինն ամիս կրել եմ, գիշերները չեմ քնել, մահճակալիցդ չեմ հեռացել, իսկ ուր է քո շնորհակալությունը»։ Բայց չէ որ սրանք շատ բնական բաներ են, որ անում են բոլոր կանայք, որոնք որոշում են մայրանալ։ Երեխայի մտքով էլ չի անցնում, որ այն հոգատարությունն ու ջերմությունը, որ ստանում է հիմա, պետք է վերադարձնի հետագայում։ Եվ երբ նրան կխնդրեն վճարել այդ ամենի համար, ապա ծնողների նկատմամբ սերը կսկսի աստիճանաբար մարել և կսկսեն փոխադարձ հիասթափությունները։

Ես քեզ արդեն շատ բան եմ տվել և ցավում եմ, եթե դու դա չես նկատել

Երեխան կյանքի առաջին իսկ րոպեներից տալիս է այն ամենը, ինչ ունի. հայացքը, գգվանքները, առաջին խոսքերը, իր ձեռքի աշխատանքները և այլն։ Բայց ծնողները պետք է այդքան ուժ և ցանկություն ունենան, որպեսզի նկատեն այն ամենը, ինչ իրենց համար անում է երեխան։ Եթե նման մանրուքները աննկատ են մնում ծնողների կողմից, ապա հետագայում զարմանալի չէ, որ երեխան ծնողի նկատմամբ առանձնապես կապվածություն չի զգա։ Լավագույն դեպքում նա կարող է գնումներ կատարել նրանց համար, վճարել կոմունալներն ու բուժման ծախսերը, սակայն այս ամենի հետ մեկտեղ խուսափել հաճախ հայտնվել ծնողների տանը։

Ծնողները միշտ չէ, որ մտերիմ մարդիկ են դառնում

Իհարկե, ծնողները կարևոր դեր են խաղում յուրաքանչյուր մարդու կյանքում, սակայն դա չի նշանակում, թե նրանք միակ մարդիկ են աշխարհում, ում վրա կարելի է հույս դնել։ Ցավոք, նույնիսկ հակառակ իրավիճակն է շատ ժամանակ հանդիպում, երբ երեխաները բախվում են ծնողների կողմից աջակցության բացակայության, իրենց խնդիրներն անտեսելու հետ, իսկ քննադատություններն էլ ծնողների կողմից էլ ավելի են ցավ պատճառում, և դա միայն վատթարացնում է իրավիճակը։ Չնայած կան մարդիկ, որոնք միևնույնն է մեծարում են ծնողներին ինչ էլ որ լինի, պետք է սթափ գնահատել իրավիճակը, եթե դուք բախվում եք արհամարհանքի, նվաստացումների հետ և ցանկություն չեք ունենում ծնողի հետ կիսվել ձեր ապրումներով ու հույզերով, ապա այս հարաբերությունները չեն կարող հարազատ մարդկանց միջև եղած հարաբերություններ համարվել։ Այս դեպքում երեխան իրավունք ունի մերժել ծնողին, քանի որ ինքն էլ նրանից երբեք չի ստացել այն ծնողական ջերմությունը, ինչի կարիքը միշտ ունեցել է։

Իսկ եթե երեխան ծնողից միայն անվերապահ սեր ու նվիրում է ստանում, ապա մեծանալուց հետո էլ նա ինչ–որ բանի համար վճարելու կարիք չի ունենա, այլ հոգատարության բնական դրսևորումը կդառնա այն զգացմունքների արտահայտությունը, որոնք կուտակվել են նրա մեջ տարիներ շարունակ։

Ես չեմ դառնա այն, ինչ դու ես ցանկացել դառնալԾնողները կարող են պատկերացում ունենալ ձեր ապագայի մասին, բայց նրանք երբեք չեն կարող խանգարել ձեր երազանքների իրականացմանը։ Երեխան մանկուց գիտի, թե ինչ է ինքն ուզում, բայց եթե մշտապես դուք ընտրություն կատարեք նրա փոխարեն, ապա իր սխալներից վախեցող և հանգամանքներից անընդհատ կախում ունեցող մարդ կմեծանա։ Եթե հրաժարվեք սեփական որոշումից միայն ծնողների սպասելիքներն արդարացնելու համար, ապա դա կնշանակի, որ դուք՝ դուք չեք։ Ընտանիքում առողջ հարաբերությունները թույլ են տալիս չկորցնել ձեր անհատականությունը։ Եթե դա այդպես չէ, ապա ժամանակն է քննարկելու և սահմաններ գծելու։

Ես չեմ տա իմ ժամանակը

Հաճախ ծնողները ամեն մի րոպեն ուզում են երեխայի հետ անցկացնել, քանի որ իրենք կյանքում չունեն ուրիշ նպատակներ և հետաքրքրություններ։ Եվ երբեմն դա հասնում է նրան, որ հետագայում երեխայից նույնն են պահանջում իրենց հանդեպ։ Եվ ծնողների խնդիրը, որոնք չեն ցանկացել սեփական կյանքով ապրել, այն է, որ արդեն հասունացած երեխաները, որոնք ազատության են ձգտում, շարունակում են ընտանիքի համար «սոսինձ» մնալ, առանց որոնց ամեն բան փուլ է գալիս։ Երեխան ինքը պետք է հետագայում որոշի, թե ինչպես կօգնի ծնողին, և ավելին պահանջելու իմաստ չկա։ Որքան էլ որ մարդ երեխաներ ու թոռներ ունենա, առաջին հերթին նա պետք է ինքը կարողանա իր համար հոգ տանել։

Եվ չեմ կարող վերադարձնել քոնը

Երեխան չի կարող ծնողին վերադարձնել այն ժամանակը, որ նա տարիներ առաջ չի կարողացել ծախսել ինքն իր վրա։ Իհարկե, երեխայի կյանքի առաջին տարիներին ողջ ժամանակը նրանց վրա է ծախսվում, սակայն, թե հետո ինչպես ծնողները կտնօրինեն իրենց ժամանակն ու կյանքը, կախված է միայն ու միայն հենց իրենցից։
Եվ եթե ինչ–ինչ պատճառներով ծնողներին հաճույք չի պատճառել իրենց ծնող լինելը, ապա նրանք երեխային են մեղավոր համարում, որը «խլել է իրենց կյանքի լավագույն տարիները» և սկսում են փոխհատուցում պահանջել իրենց կորցրածի համար։

Եզրակացություն

Լավագույնը, ինչ կարող են անել ծնողներն իրենց երեխաների համար՝ տալ նրանց ազատություն ու հնարավորություն ապրելու իրենց կյանքը; Եթե երեխային թույլ տաք սովորել սեփական սխալների վրա, հաշվի նստեք նրա ընտրության և ցանկությունների հետ, աջակցեք ու օգնեք նրան՝ առանց ձեր կարծիքը նրա վրա փաթաթելու, ապա երեխան կմեծանա երախտագիտության և պատասխանատվության բնական զգացումով։ Եվ եթե այդ ընթացքում էլ ծնողները չեն մոռացել իրենք իրենց մասին, ապա հետագայում չեն ունենա «կորցրած կյանքի» զգացողություն և երեխայից էլ դրա համար ավելորդ պահանջներ չեն ունենա։