Ինչո՞ւ երեխան չի խոսում․ ե՞րբ է պետք անհանգստանալ և ի՞նչ պետք է անել

Բժիշկները հաճախ բախվում են երեխայի հանդեպ ծնողների երկու հակադիր վերաբերմունքների:

Առաջին դեպքում մեծահասակները գերանհանգստացած են, երբ երեխան երկու տարեկանում չի խոսում, արդեն խուճապի են մատնվում:

Չէ՞ որ ընկերուհու խոսքով՝ իր երեխան այդ տարիքում արդեն բանաստեղծություններ էր արտասանում:

Երկրորդ խումբը համառորեն փորձում է չնկատել երեխայի զարգացման խնդիրները՝ ամեն ինչ վերագրելով ժառանգականությանը կամ երեխայի գերհանգիստ բնավորությանը:

Հաճախ երկրորդ խմբի ծնողները սարսափում են, երբ բժիշկն ախտորոշում է «խոսքային զարգացման ուշացում» և ուղեղի աշխատանքը լավացնող դեղերի ցանկ է տալիս:

Ներկայացնում ենք բժիշկ Կոմարովսկուն, ով խորհուրդ է տալիս այդ դեպքում անմիջապես հրաժարվել այդպիսի բուժումից. «Ես հուսահատվում եմ. ինչո՞ւ այքան տարի գրել և նկարահանել, այդ ամենը բաց հասանելիության դնել, իսկ հետո տեսնել, որ այդ ամենը ոչ ոքի չի հետաքրքրում:

Կարծես քանի անգամ ես արդեն գրել էի, որ խոսքային զարգացման ոչ մի ուշացում չի բուժվում դեղերով: Քանի անգամ էի զգուշացրել, որ եթե բժիշկը նշում է դեղեր, որոնցից երեխան իբր ավելի լավ կխոսի, նա բժիշկ չէ, այլ շառլատան…»:

Բժիշկ Կոմարովսկին պնդում է, որ պետք է պարզել խոսքի ուշացման գլխավոր պատճառը և բուժումը սկսել արդեն ելնելով դրանից. «Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե դուք հատկապես ինչ նկատի ունեք «չի խոսում» տերմինի ներքո՝ չի հասկանում և չի խոսո՞ւմ, ամեն ինչ հասկանում է, բայց լռո՞ւմ է, խոսում է, բայց անահասկանալի՞ (ձայներ է հանում, բայց բառեր չի կազմում), առանձին բառե՞ր է ասում, բայց դրանցով նախադասություն չի՞ կազմում:

Ամեն դեպքում, եթե երեխան խոսքի հետ կապված խնդիրներ է ունենում, առաջին հերթին պետք է համոզվել, որ երեխան լավ է լսում:

Եթե ձայնին արձագանքը նորմալ է, ականջների հիվանդությունը՝ որպես խոսքային խանգարման պատճառ, կարելի է բացառել:

Շատ հազվադեպ, բայց լինում է, որ «խոսքային հետամնացության» պատճառ է լինում ուղեղի որևէ հիվանդություն:

Նույնիսկ ֆոնային նյարդաբանական խանգարումը կարող է խոսքային կենտրոնի խանգարում առաջացնել:

Եթե երեխան նման խնդիր ունի, պետք է բուժել հիմնական հիվանդությունը՝ խոսքի բարդացման պատճառը:

Պետք է հնարավորինս շուտ նյարդաբանի դիմել:

Եթե չխոսող երեխան առողջ է, ամեն ինչ հասկանում է, ակտիվորեն շփվում է, ճանաչում է մտերիմներին, ապա մինչև 3 տարեկանը մտահոգվելու կարիք չկա:

Եթե նա 3 տարեկանից հետո էլ բառեր, նախադասություններ չի կազմում, ապա պետք է նյարդաբանի դիմել:

Եթե երեխան 3-4 տարեկանից հետո նորմալ խոսում է, բայց առանձին տառեր չի արտաբերում, պետք է դիմել և՛ նյարդաբանի, և՛ լոգոպեդի: Երեխայի խոսքային դժվարության պատճառ կարող է լինել նաև նրա հետ քիչ խոսելը»: