Ինչո՞ւ է խորհրդավոր լռություն տիրում Տավուշի սահմանին տեղի ունեցածի շուրջ․ Ժիրայր Սեֆիլյան

Ինչո՞ւ է խորհրդավոր լռություն տիրում Տավուշի սահմանում տեղի ունեցող ռազմաքաղաքական անցուդարձի առթիվ, ո՞րն է գաղտնապահության և ժողովրդին անորոշության մեջ թողնելու նպատակը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը եւ 8 հարց ուղղել ռազմաքաղաքական ղեկավարությանը

«1) Ինչո՞ւ է խորհրդավոր լռություն տիրում Տավուշի սահմանում տեղի ունեցող ռազմաքաղաքական անցուդարձի առթիվ։ Ո՞րն է գաղտնապահության և ժողովրդին անորոշության մեջ թողնելու նպատակը։ Թշնամին հաստատապես գիտի, թե ինչ է տեղի ունեցել, մեր ժողովրդից ինչո՞ւ եք գաղտնի պահում։

2) Ի՞նչ պայմաններում և ի՞նչ պայմաններով հաստատվեց հրադադար։

3) Կա՞ն արդյոք հրադադարի հաստատման գործընթացում օտար միջնորդ(ներ), եթե կան, ապա ո՞վ(քե՞ր)։ Եղե՞լ է արդյոք նրա(նց) կողմից ճնշում Հայաստանի վրա, եթե այո, ապա ինչպիսի՞։

4) Ի՞նչ տարածքային և դիրքային ձեռքբերում ունենք։

5) Հայկական բանակը ազատագրե՞լ է Սևաքար (Ղարադաշ) բարձունքը։

6) Եթե ազատագրել է, ապա նրա վրա արդեն Հայկական բանակը դիրքավորվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե ոչ՝ ապա ինչու։

7) Եթե չի ազատագրել, ապա թշնամու դիրքերը դեռևս մնո՞ւմ են բարձունքում, թե՞ թշնամին լքել է այն։ Եվ, եթե լքել է, ապա ինչո՞ւ մենք չենք դիրքավորվել այնտեղ։

8 ) Եթե Հայկական բանակը չի ազատագրել Սևաքարը, թշնամին էլ այնտեղ է, բայց մենք վերահսկում ենք դեպի նրա բարձունքը տանող ճանապարհը, ապա ի՞նչ հրաման է տրված մեր դիրքապահներին՝ թույլ տա՞լ, որ թշնամին ազատորեն սնունդ ու զենք մատակարարի Սևաքարի վրա նստած իր դիրքապահներին և չխոչընդոտի նրանց հերթափոխը, թե՞ փակել անցուդարձը և թշնամուն պահել շրջափակման մեջ»։

Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ՝ այս հարցերի պատասխանները վաղ թե ուշ հայտնի կդառնան։

«Ճշմարիտ և արդար կլինի,  որ ժողովուրդը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից լսի դրանք։ Հակառակ պարագայում, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք կամփոփենք իրականության մասին առկա տեղեկույթը և կներկայացնենք մեր ժողովրդին»։