Ինչու են 17 երեխայից 15-ը գնում անծանոթի հետ, եթե նույնիսկ դա նրանց խստիվ արգելվել է

Սոցիալական ծառայություններից մեկը 2019 թվականի ամռանը հերթական փորձն է անցկացրել ՌԴ քաղաքներից մեկում. անծանոթները փորձել են խաղահրապարակից տանել 3-12 տարեկան երեխաների (իհարկե, ծնողների համաձայնությամբ)։ Փորձի 17 մասնակիցներից 15-ը վստահել է անծանոթին և միայն 2 վեց տարեկան երեխա են կտրականապես հրաժարվել գնալ բակից։

Ինչպես են երեխաներին տանում բազմամարդ հրապարակներից

Հետազոտող խմբի ամենավախեցնող դիտարկումն այն է, որ փորձի ընթացքում շրջապատում գտնվողները բացարձակ անտարբեր են եղել։ Նրանցից ոչ ոք չի փորձել պարզել, թե ինչ է կատարվում։ Ընդ որում՝ «առևանգողներն» այնպիսի տարածված ձևակերպումներ են օգտագործել, ինչպես օրինակ.

• «Արի քեզ համար քաղցր բամբակ գնեմ»,

• «Գնանք, աղունիկներին կերակրենք»,

• «Այն կողմում սկյուռիկներ են վազվզում, արի գնանք, նայենք»,

• «Հայրիկդ խնդրել է, որ քեզ տանեմ, գնացի՞նք»։

Աշխատող առաջարկներից են նաև փոքրիկ կատուներին կամ շան ձագերին մեքենայի տակից, նկուղից միասին հանելու խնդրանքները։ Հաճախ հանցագործները որպես ոստիկան, բժիշկ կամ հրշեջ են ներկայանում։

Նույնիսկ մեծ երեխաներն են գնում անծանոթների հետ

Հավանականությունը, որ երեխան կգնա անծանոթի հետ, մի քանի անգամ բարձրանում է, եթե առևանգողի դերը խաղում է կինը կամ դեռահասը։ Բացի այդ՝ մարդիկ ինտուիտիվ պատկերացնում են չարագործին կոնկրետ արտաքինով՝ բարձրահասակ, անբարյացկամ և շատ ջղային։ Պետք է երեխային բացատրել, որ չարագործը կարող է և՛ գլխաշորով տատիկ լինել, և՛ մազերը պոչիկ կապած աղջիկ։

Փորձին մասնակցած երեխաներն այն հարցին, թե ինչու են գնացել անծանոթի հետ, տարբեր ձևով են պատասխանել.

• «Մորաքույրը խնդրեց գնալ իր հետ»,

• «Ես կռահել էի, որ դա փորձ է»,

• «Ես կարծեցի, թե այնտեղ մայրիկն է ինձ սպասում»։

Էլ ավելի սարսափելի է այն, որ այս բոլոր երեխաների հետ էլ ծնողները բազմիցս զրուցել էին այն մասին, որ չի կարելի գնալ օտարների հետ, ինչ էլ որ նրանք ասեն։

Ի՞նչն է խանգարում երեխաներին դուրս պրծնել և փախչել

Եվս մեկ անհանգստացնող դիտարկում են արել փորձի կազմակերպիչները. նույնիսկ երբ զոհը հասկանում է, որ ոչ մի սկյուռիկ էլ իրեն ցույց չեն տալու, նա չի փորձում փախչել։ Ծնողների հարցին, թե ինչո՞ւ, երեխաները պատասխանել են, որ նրանք անհարմար են զգացել բղավել կամ օգնության կանչել։

Բացի ամաչելուց՝ երեխան սովորաբար նաև վախենում է անծանոթի մոտ հիմարի դերում հայտնվելուց։ Փոքրիկի գլխում իրավիճակը մոտավորապես այսպիսի տեսք է ունենում. «Իսկ եթե նա չի ուզում ինչ–որ վատ բան անել, իսկ ես գոռամ, հիմարի տեղ կընդունվեմ, և բոլորը կսկսեն ինձ վրա ծիծաղել»։ Լրացուցիչ զսպող գործոն է նաև մեծի անվիճելի հեղինակության փաստը, որն աճում է մեր սիրելի արտահայտությունների պատճառով. «Մեծերն ավելի խելացի են», «Ձայնդ կտրիր, երբ մեծերն են խոսում», «Սա մեծերի համար է, ոչ թե երեխաների» և այլն։

Մի քանի խորհուրդ կորած երեխաներին փնտրող ամերիկացի մասնագետներից

• Երեխաների հագուստի վրա մի գրեք նրա անուն-ազգանունը։ Երեխաները հակված են հավատալու նրանց, ովքեր իրենց անունով են կանչում։

• Եթե երեխան կորել է առևտրի կենտրոնում, նա պետք է դիմի կենտրոնի ցանկացած աշխատակցի և ոչ մի դեպքում չգնա դեպի կայանատեղի, որպեսզի գտնի ձեզ։ Հենց այնտեղ է տեղի ունենում դեպքերի մեծ մասը։

• Եթե երեխային առևանգել են և ինչ–որ տեղ են տանում սպառնալով, պատմեք նրան, թե ինչպես կարող է աննկատ ինչ–որ մի նշան տալ շրջապատին։ 2007 թվականին առևանգողը դեռահաս աղջկան տանում էր ինքնաթիռով։ Աղջիկը զուգարանում գրություն էր թողել՝ խնդրելով օգնել իրեն։ Ինքնաթիռը վայրէջք կատարելուց հետո չարագործին ոստիկանությունն էր սպասում։

• Դեռահասներին խորհուրդ չի տրվում ճամփորդել ավտոստոպով, ինչքան էլ որ դա հիմա ընդունված է։

Հասարակական վայրերում վտանգ է իրենից ներկայացնում զուգարանը։ Չի կարելի է երեխաներին թույլ տալ, որ մենակ գնան զուգարան, միշտ ճանապարհեք նրանց մինչև մուտքը և սպասեք դռան մոտ։