Ինչու է Շոյգուն զգեստափոխվել Բաքվում

Նոյեմբերի 21-ի առավոտյան ՌԴ միջգերատեսչական պատվիրակության այցի շրջանակում Երեւան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներից հետո մեկնել է Բաքու եւ հանդիպել Իլհամ Ալիեւի հետ:

Շոյգուի Երեւան եւ Բաքու այցերի համատեքստում կա մի դրվագ, որ առաջին հայացքից կարող է մանրուք թվալ, սակայն գուցե այն մանրուքներից, որոնցում ըստ բրիտանացիների «լինում է սատանան»:

Շոյգուն Հայաստանի  վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ հանդիպումներում եղել է քաղաքացիական հագուստով: Իսկ կեսօրին մեկնելով Բաքու, Ալիեւի հետ հանդիպմանը եղել է արդեն զինվորական համազգեստով:

Ինչն է ՌԴ պաշտպանության նախարարի՝ Երեւանից Բաքու այդ «դրեսկոդային» փոխակերպման պատճառը: Շոյգուն Բաքվում նշել է, որ խաղաղապահները տեղակայված են, ամբողջապես վերահսկողության տակ են վերցնում ռեգիոնը եւ հրադադարը պահպանվում է, հույս հայտնելով, որ այդպես կլինի նաեւ հետագայում:

Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Բաքվում ցույցեր ու դժգոհություններ են լինում, Ղարաբաղում ռուսական ռազմական ներկայության կապակցությամբ: Շոյգուի այցից առաջ ՌԴ նախագահ Պուտինը նույնպես խոսել էր համաձայնագրի պահպանման անհրաժեշտության մասին, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է։ Օսիայի եւ Աբխազիայի օրինակով նա ակնարկեց, թե ինչ կարող է լինել, եթե կրակի տակ հայտնվեն ռուս խաղաղապահները: