Ինչպես է բերանի լորձաթաղանթը փոխվում Կորոնավիրուսի ժամանակ

COVID-19-ով պացիենտների մոտ հաճախ բերանի լորձաթաղանթի վրա ցան (էնանտեմա) է հայտնվում:

Այս մասին հաղորդում են իսպանացի գիտնականները, որոնց աշխատանքը հրատարակվել է JAMA Dermatology-ում, եւ հակիրճ այդ մասին հայտնում է Medportal-ը:

Ռամոն եւ Կահալ համալսարանական հիվանդանոցի (Hospital Universitario Ramon y Cajal) մաշկաբանները ասում են, որ COVID-19-ի դեպքում մաշկի ախտանիշները բազմիցս նկարագրվել են: Սակայն բժիշկները, անվտանգության նկատառումներից ելնելով, հաճախ չեն զննում կորոնավիրուսով վարակված կամ դրա կասկածն ունեցող հիվանդների բերանի խոռոչը։

Ուսումնասիրության հեղինակները հետեւել են COVID-19-ի ֆոնին մաշկի ցան ունեցող 21 հիվանդների: Նրանք այդ պացիենտներից յուրաքանչյուրի բերանի լորձաթաղանթի մանրակրկիտ զննում են կատարել: Նրանցից վեցի մոտ հայտնաբերվել է էնանտեմա` լորձաթաղանթի ցան:

Բոլոր պացիենտների մոտ ցանը քիմքի վրա է եղել եւ իրենից ներկայացրել է բծեր ու ոչ մեծ արյունազեղումներ: Այս ախտանշանները հայտնվել են վարակի միջինը 12-րդ օրը, եւ հիմք չկա ենթադրելու, որ դրանք հայտնվելու մեկ այլ պատճառ են ունեցել (ոչ վիրուսային):

Հեղինակները կարծում են, որ իրենց աշխատանքը, չնայած փոքր է, հետաքրքրություն է ներկայացնում՝ ստացված տվյալները կօգնեն ապացուցել մաշկի ցանի որոշ տեսակների վիրուսային ծագումը: