Ինչ են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանն ու խոշոր սեփականատերերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել գործարար համայնքի ներկայացուցիչների, մի շարք խոշոր գործարարների հետ, քննարկելով ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու, ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Հատկանշական է մի հանգամանք, որ խոսքը ոչ թե հավաքական, այլ առանձին-առանձին հանդիպումների մասին է, ինչը, թերևս, վկայում է խոսակցության առարկայականության մասին: Թե հատկապես ինչ կոնկրետ քննարկումներ են տեղի ունեցել շատ կոնկրետ գործարարների հետ, կարող ենք միայն ենթադրել կամ եզրակացնել, թեկուզ դատելով գործարարների ցանկից: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն, ըստ կառավարության հաղորդագրության, հանդիպել է Խաչատուր Սուքիասյանի, Սամվել Ալեքսանյանի, «Սպայկա» ընկերության ղեկավարի, նախկին ՀՀԿ պատգամավոր Արման Սահակյանի հետ: Եղել են իհարկե մի քանի այլ հանդիպումներ, և հնարավոր է շարքը կլինի շարունակվող: Բավականին բազմազան կամ բազմերանգ ցանկ է, հաշվի առնելով գործարարների թ՛ տնտեսական և թե՛ այսպես ասած քաղաքական հետագիծը, ընդ որում՝ ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը փորձում է ներքաղաքական բարդ իրավիճակում ձևավորել որոշակի տնտեսական բազա կամ հենարան: Վարչապետ Փաշինյանը օրեր առաջ ներկայացրել է 15 կետից կազմված ճանապարհային քարտեզ, որը վերաբերում է Հայաստանի և Արցախի վերականգնմանը: Անկասկած է, որ այդ քարտեզը իրականություն կարող է դառնալ մի քանի կարևոր հանգամանքի պայմաններում՝ հասարակական հենարան, ֆինանսատնտեսական հենարան և ուժային հենարան: Հասարակական հենարանի հարցը բավականին հակասական է: Անկասկած է, որ ծանր պարտությունը լրջորեն նվազեցրել է վարչապետի հանրային վստահության աստիճանը: Թե որքան կամ մինչև ուր, դժվար է ասել՝ Հայաստանում սոցիոլոգիան հանրայնորեն վստահելի ինստիտուտ չէ տարիներ ի վեր: Այստեղ, սակայն, էական է թերևս այն, որ հանրային շատ, թե քիչ շոշափելի վստահություն չունի որևէ քաղաքական ուժ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատող և հրաժարական պահանջող ուժերը: Սա ստեղծում է որոշակի բալանս և Նիկոլ Փաշինյանի համար էապես չեզոքացնում հանրային վստահության խնդիրը:

Ուժային հենարանի առումով խնդիր ներկայումս չի նկատվում, դատելով վերջին օրերին ծավալվող զարգացումներից: Իհարկե, դա ինքնին չի նշանակում, որ իքս պահից այդ խնդիրը կարող է չառաջանալ՝ հաշվի առնելով այն, որ այստեղ, թերևս, ամենևին երկրորդական չէ երրորդ կողմի՝ Ռուսաստանի դերը: Ակնառու է, որ Հայաստանում ներքաղաքական ստատուս-քվոյի փոփոխություն Ռուսաստանը ներկայումս չի խրախուսում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ և գործոններ: Սակայն բարդ է ասել, թե որքան կմնա Մոսկվան այդ դիրքորոշման մեջ: Դա էլ, իհարկե, պայմանավորված է մի հանգամանքով՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիր և այդ առնչությամբ Ռուսաստանի խնդիրներ ու նպատակներ: Այժմ վարչապետ Փաշինյանն, ըստ ամենայնի, ձեռնամուխ է լինում տնտեսական հենարանի կազմավորմանը, որը նրան անհրաժեշտ է առնվազն ճանապարհային քարտեզի արդյունավետություն ապահովելու համար՝ ակնկալիքով, որ հաշվետու ժամանակահատված հասնելու դեպքում՝ 2021 թվականի հունիս, հնարավոր կլինի կայունացնել հանրային տրամադրությունները:

Մյուս կողմից, անշուշտ, առաջանում է հետևյալ հարցը, հաշվի առնելով ներհայաստանյան իրողություններն ու ավանդույթները, թե գործարարների համար որքան է լինելու երաշխավորված իրավիճակն ու հետագա կայունությունը, որովհետև աքսիոմատիկ է, որ ոչ ոք չի գնա խոշոր ներդրումների պետական և քաղաքական ինստիտուցիոնալ հարաբերությունների չկայացածության պայմաններում: