Իշխանական բդեշխն, օգտվելով ամենաթողությունից, սպառնում է վիրավոր զինվորի մորը

Նաիրա Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իրեն սպառնում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանն։

Այս անտանելի դժվար, դառն իրականությունում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանն առանց հիմնավորման արգելել է 110- րդ մանկապարտեզի տնօրեն Լուսինե Քոթանջյանին օրինական հասանելիք արձակուրդը գնալ՝ Շուշիում գլխից և ոտքից վիրավորված ժամկետային զինծառայող որդու, որն այժմ Ստեփանակերտի հոսպիտալում է, առողջական խնդիրներով զբաղվելու նպատակով։ Բացի այդ, նկատողություն է տվել նրան խոհանոցում երկու զոդված շերեփ ունենալու համար․ ճաշի շերեփի գլուխը զոդված է պոչին․․․ Սանիտարական նորմերի ոչ մի խախտում չկա, այդ մասով փաստաթուղթն առկա է, շերեփներն էլ հազար տարի է՝ տեղում են։

Զավեշտը հասել է այնտեղ, որ պատուհաններն ու շրիշակներն անձեռոցիկով շոշափելիս փոշի չհայտնաբերելուց հետո լուրջ դեմքով դժգոհել է, որ լվացարանը, ուր րոպե առաջ երեխան լվացվել է, ․․․թաց է։ Խոսքը ծորակից հոսող ջրի լվացարանի մասին է․․․

Նոր Նորքի ղեկավարը մանկապարտեզի տնօրենի համար խնդիրներ է ստեղծել նաև նախկինում՝ կառչելով անհեթեթություններից, որոնք մարսել է համատարած անպատժելիության ֆոնին, սակայն վիրավոր զինվորի համար մորն օրինական արձակուրդ չտրամադրելը (այն զինվորի, որն իր նմանների կյանքի համար էլ է կռվել ու վիրավորվել), շերեփի պոչի համար նկատողություն տալը՝ հայտարարելով, որ այդպես է անում նրան գործից հանելու համար, արդեն, մի տեսակ, շատ է, էլի։
Այդ ամենի արմատները գալիս են դեռևս 2018- ից, երբ մեկ այլ վարչական ղեկավարի օրոք ընդունվելով գործի, Լուսինե Քոթանջյանը պետությանը հասցված ավելի քան 40 միլիոն դրամի չարաշահում է բացահայտել, քրեական գործը հարուցված է, դրանով անցնում է նաև թաղապետարանի ֆինանսկան բաժնի պետը։ Չի բացառվում, որ, վարչական շրջանի ղեկավարը, գուցե, ինչ-որ մեկից գումար է վերցրել կամ չի վերցրել, բայց գործ է խոստացել, կամ՝ բան էլ չկա, «պրինցիպի» է ընկել, տվյալ կինն էլ թիկունք չունի «վերևներում», «հավայի» խանգարում է որոշ գործարքներում, որոշել է հանել։

Լուսինե Քոթանջյանը մանկապարտեզի՝ լացելու աստիճան սուղ միջոցներն ամենաանհրաժեշտ կարիքներին բաշխելով հանդերձ, իր տնօրինած կառույց հաճախող երեխաների ապահովության ու հարմարավետության համար շատ բան է անում նաև սեփական գրպանից, դիմում իր հարազատներին և ընկերներին։ Ես այդ ամենը տեսնում եմ, բայց, քանի որ նա իմ ընկերուհին է, կողմնակալ տպավորություն չթողնեմ․ այս պահին օրինակներ չեմ բերում, օբյեկտիվության համար կարելի է այցելել՝ ստուգել։

Թե ինչու է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը, որի մասին խոսում են որպես ամբարտավան, պատերազմի օրով ծննդյան տոնին խնջույք կազմակերպած, կանանց հասցեին անպարկեշտ արտահայտվող մարդու, այդպես վարվում, արդեն հետաքրքիր չէ․ այդ ամենն ընդամենը բամբասանք է, իրեղեն ապացույցներ չկան, Հովհաննես Մանուկյանը կարող է անբասիր վարքի տեր լինել, չարախոսեն իր հասցեին․ անձնական դաշտ մտնել չի կարելի, անձնականին կպնելը նույնքան անբարո է, որքան վիրավոր զինվորի դեմ լինելը։ Այնպես, որ՝ որակավորում չտանք։ Նրան հարցնելու բան չկա՝ իր տարածքներն են, իր վասալներն են, ինչ ուզում՝ անում է, մեկ է՝ անտերություն է։

․․․Բայց, այ, Երևանի քաղաքապետին հարցեր կան․ մեր հարգարժան քաղաքապետ, այդ, որ վարչական շրջանների իշխանիկներին նշանակում եք՝ անհասկանալի սկզբունքներով, ինչո՞ւ հարկ չեք համարում հսկել, թե ինչո՞վ են զբաղված Ձեր բդեշխիկները։ Եթե դա Ձեր անմիջական գործը չէ, ինչո՞ւ չեն անում դրա համար մեր հարկերից աշխատավարձ ստացողները։ Ինչպե՞ս եղավ, որ արյան, զոհերի, համահանրապետական վշտի, ցավի, համատարած թաղումների, այս խայտառակ պարտության տակից դուրս գալ չկարեցող բարդ վիճակի ֆոնին Ձեր ջիգիթներից մեկը համարձակվեց իրեն պահել այդպես․․․ Թե ինչի պես՝ պարզ է։
Հնարավոր է՝ Դուք դա համարում եք ազգասիրական քայլ, հնարավոր է՝ պարգևատրեք դրա համար։ Գրեթե վստահ եմ, որ այդպես չէ, բայց նրա արարքը թույլ է տալիս կասկածել, որ կիսում է Ձեզ հետ ինչ-ինչ ավարներ, եթե կան, իհարկե, այդպիսիք։ Հարցերին, սակայն, պատասխանել անհրաժեշտ կլինի․ համապատասխան հայց է պատրաստվում դատարանի համար, նաև դիմում կա՝ ուղղված Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն։

Հ․Գ․- Երկու օր առաջ Լուսինեն, խոսելով իր վիրավոր զինվորի հետ, ասել է՝ բալես, կյանքդ փրկել են, փառք բժիշկներին, բայց վիճակդ վատ է, կարող է տեսողությունից ընդհանրապես զրկվես, ինչո՞ւ չես դիմում, քեզ շուտ տեղափոխեն Երևան, տեսնենք՝ ինչ ենք անում։ Տղան՝ Արտյոմը, պատասխանել է․ «Մամ ջան, այստեղ ուրիշ մամաների բալաներ կան, որոնց Երևան հասնելն ավելի առաջնահերթ է, ես նման բան չեմ անի, ինձնից կարևորները կան»․․․ Գնացեք հող կերեք՝ մեռեք, այդ զինվորի ոտքի տակի հողը չարժեն։