Իրանցի գեներալի կոշտ հայտարարությունը. ռեգիոնալ ինչ աշխարհագրություն է տեսնում Թեհրանը

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի»,- հայտարարել է Իրանի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին: Իրանցի գեներալը կրկնել է այն, ինչ Թեհրանն ասում է տևական ժամանակ՝ իր հյուսիսային սահմանի անվտանգության առնչությամբ: Հայտնի է, որ Իրանը մեծ ծավալի զորք և սպառազինություն է մոտեցրել սահմանին:

Այդ հանգամանքը խոսում է այն մասին, որ Թեհրանը զգում է իսկապես լուրջ վտանգներ, որոնք ամենևին չեն առնչվում լոկ սեփական սահմանները Արաքսից այն կողմ ծավալված պատերազմի հնարավոր ազդեցությունից պաշտպանելու խնդրին: Այն ռազմուժը, որ կենտրոնացրել է Իրանը հյուսիսում, իր ծավալով խոսում է այն մասին, որ Իրանը դիտարկում է լուծելու առավել լուրջ ռազմական և ռազմաքաղաքական խնդիրներ: Եվ դրա մասին է վկայում նաև Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հեյդարիի հայտարարությունը: Նա խոսում է այն մասին, որ ոչ մի ուժ չի կարող փոխել ռեգիոնալ աշխարհագրությունը, ինչը հարց է առաջացնում, թե ռեգիոնալ աշխարհագրության և աշխարհաքաղաքականության ինչ փոփոխության մասին է խոսում, կամ ի՞նչ փոփոխության տագնապներ է տածում Իրանը:

Առավել ևս, որ Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմն արդեն իսկ բերել է աշխարհագրության որոշակի փոփոխության՝ այն իմաստով, որ ադրբեջանական զինուժն ու ահաբեկիչները, որոշակի առաջխաղացում ունենալով Արցախի հարավում, փաստացի բերել են փոփոխության, որը, ի դեպ, զգալի է նաև Իրանի համար: Չէ՞ որ խոսքը Իրանի սահմանին տեղի ունեցող փոփոխության մասին է:

Միևնույն ժամանակ, առերևույթ հակասության մեջ են «ադրբեջանական տարածքները վերադարձնելու» մասին իրանյան քաղաքական և հոգևոր ղեկավարության հայտարարությունները ռեգիոնալ աշխարհաքաղաքականության և աշխարհագրության փոփոխություն թույլ չտալու մասին գեներալ Հեյդարիի հայտարարության հետ: Մի կողմից, իհարկե, խոսք կարող է լինել այն մասին, որ քաղաքական կամ հոգևոր թևի ներկայացուցիչները, դիվանագիտական նկատառումից ելնելով, անում են հայտարարություններ, որոնք սուր չեն ընկալվի Բաքվում և չեն հակադրի Իրանի ադրբեջանական հանրությանը, առավել ևս շիա հանրությանը:

Մյուս կողմից կարող է առաջանալ հարց՝ արդյո՞ք իրանյան ռազմական շրջանակները անթույլատրելի են համարում Արցախի հարավում ադրբեջանական, իրականում թուրք-ահաբեկչական առաջխաղացումը, և այդ իմաստով Իրանում կա՞ զինվորականության և քաղաքական-հոգևորական ղեկավարության տեսակետների սկզբունքային տարբերություն: