Լավրովը՝ հաջորդ փուլի և Հայաստանի ընդդիմության մասին

1in.am-ը գրում է՝

Հայաստանի ընդդիմությունը փորձում է սպեկուլյացիաներ անել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով հայտնի տխրահռչակ համաձայնագրի ստորագրումից հետո Երևանում ընդդիմության բողոքի ակցիաների մասին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն իր մեջ պարունակում է մի քանի հատկանշական շերտ:

Մասնավորապես, պաշտոնական քարոզչության խողովակներով Հայաստանի իշխանությանը «հակառուսական» որակող ՌԴ-ն այժմ, ըստ էության, «հակառուսական» է որակում Հայաստանում աղմկող ընդդիմությանը, իհարկե ոչ ուղիղ իմաստով, բայց, ըստ էության, շատ թափանցիկ տողատակով կամ տրամաբանությամբ: Իսկ պատճառը բնականաբար այն է, որ տվյալ պարագայում կա Ռուսաստանի հովանու ներքո համաձայնագրի իրագործման խնդիր, և Ռուսաստանն այժմ պահում է իր իսկ քարոզչամեքենայով, դրա կարկառուն ներկայացուցիչներով անընդհատ, անգամ պատերազմի օրերին պախարակվող Հայաստանի վարչապետի թիկունքը: Մյուս կողմից, դա չի նշանակում, որ Ռուսաստանն այդ թիկունքը չի բացելու այն բանից հետո, երբ, ըստ էության, լիարժեք կիրագործվի համաձայնագիրը, կամ կստեղծվի դրա շնորհիվ ձեռք բերված նոր իրավիճակ:

Ինչ ժամանակահատված կենթադրի դա, ինչ պրոցեսներ, դեռևս պարզ չէ, սակայն մինչ այդ ամբողջացումն ու նոր, այսպես ասած, ստատիկ իրավիճակի հասնելը Ռուսաստանը ցույց է տալիս, որ թույլ չի տալու Նիկոլ Փաշինյանի դիրքի երերում: Միևնույն ժամանակ, Լավրովը հայտարարում է, որ իհարկե կան անկեղծ մարդիկ, որոնք մտահոգված են այս փուլում նման հանգուցալուծումով: Նա անկեղծ մարդկանց մասին խոսում է դարձյալ նույն ընդդիմության ակցիաների համատեքստում: Այսինքն՝ տողատակում տրամաբանորեն «հակառուսական» բնորոշելով բողոքի ակցիան, այդուհանդերձ նա խուսափում է ուղիղ այդպիսի գնահատականից և անգամ խոսում, որ կան անկեղծ մարդիկ, որոնք դժգոհ են այս փուլից:

«Այս փուլ» ձևակերպումը հատկանշական է, քանի որ հենց հաջորդ փուլում արդեն Ռուսաստանին կարող են անմիջապես պետք գալ այն ուժերը, որոնք այսօր գնահատվում են քաղաքական սպեկուլյանտ: Ամբողջ հարցն այն է, թե ինչ է ծրագրել Ռուսաստանը հաջորդ փուլում, և ինչի պետք է պատրաստ լինի Հայաստանը: Մի բան պարզ է, որ արդեն իսկ սկսված քաղաքական նկատելի մանիպուլյացիաներով Հայաստանը որևէ բանի պատրաստ լինել չի կարող, բացի անպատրաստության նոր հետևանքներից: