Լավրովի ու Շոյգուի օպերատիվ այցը Հայաստան

Հայտնի է դարձել, որ նոյեմբերի 21-ին Հայաստան են ժամանում ՌԴ արտգործնախարար Լավրովն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրանց այցի նպատակը պարզ չէ, իսկ տարածված տեղեկատվության համաձայն՝ նրանք Հայաստանում են լինելու մի քանի ժամ: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Լավրովի և Շոյգուի Հայաստան այցի պլաններն ունեն օպերատիվ բնույթ: Այն կապված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հե՞տ, որը բավականին թեժացել է վերջին երկու օրերին և ուղեկցվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիաներով, թե՞ Արցախում ռուս խաղաղապահ առաքելության ծավալման ընթացքի և նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետագա ճակատագրի հետ:

Չի բացառվում, որ այդ երկու ուղղությունները կարող են լինել փոխկապակցված, ընդ որում՝ ինչպես համաձայնագրի հետագա ընթացքը ապահովելու, այնպես էլ հետագա ընթացքում, այսպես ասած, շտկումներ կամ փոփոխություններ մտցնելու տրամաբանությամբ, իհարկե, Ռուսաստանի համար անհրաժեշտ ուղղությամբ: Այդ ուղղությունը անհրաժեշտ կլինի նաև Հայաստանի համար, թե ոչ, այստեղ իրավիճակը, համենայնդեպս, միարժեք լինել չի կարող: Համենայնդեպս այն, որ Հայաստանում տեղի է ունեցել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների փոփոխություն, և նշանակվել են նոր նախարարներ, անկախ նախկին և նոր նախարարների անձերից, ինքնին փոփոխության տրամաբանությունը հուշում է, որ համաձայնագրի հետագա իրականացման հարցում որևէ հավանական փոփոխություն հազիվ թե ենթադրի հակասություն Հայաստանի շահի հետ: Իսկ թե հավանական է այդպիսի փոփոխությունն ընդհանրապես, թե ոչ, սա, իհարկե, ինքնին առանձին խոսակցության առարկա է:

Համենայնդեպս, Մոսկվան հռետորաբանության մակարդակում հայտարարել է, որ համաձայնագիրը ենթակա չէ փոփոխության, և անգամ հայաստանյան ընդդիմությանը մեղադրել այդ թեմայով մանիպուլյացիաների համար: Սակայն, միաժամանակ, երբեք պետք չէ մոռանալ, որ քաղաքականությունն, իհարկե, ոչ միշտ է, որ ամբողջապես արտացոլվում է հայտարարություններում և այն հաճախ կրում է այսբերգի բնույթ, որի ավելի մեծ մասը լինում է չերևացող: Բոլոր դեպքերում, Լավրովի և Շոյգուի օպերատիվ այցը վկայում է, որ, մեծ հավանականությամբ, նույն օպերատիվությամբ տեսանելի կլինի այցի որևէ արդյունք: Մի բան անկասկած է, որ ինչպիսին էլ լինի այն, գերխնդիր է դրա առանցքում տեսնել Հայաստանի կայունությունը: