Խոշոր վթար Սյունիքի մարզում. վիրավորների մեջ է Վայոց Ձորի նախկին մարզպետը

Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում, Կապան քաղաքի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 57-ամյա Արագած Սաղաթելյանի վարած Mercedes-Benz G-450 մակնիշի 555 ՕՕ 55 համարանիշի և 50-ամյա Վաչե Սարգսյանի վարած Opel մակնիշի 35 AV 650 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Կապանի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը:

Կապանի հիվանդանոցի բժիշկները մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Բախման հետևանքով էլ Mercedes-ը գլխիվայր շրջվել է:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդներից Ա. Սաղաթելյանը Վայքի նախկին քաղաքապետ, Վայոց ձորի նախկին մարզպետն է:

Նրա առողջական վիճակը՝ ըստ բժիշկների, միջին ծանրության է, իսկ Mercedes-ը հաշվառված է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հաշվեկշռում: