Կապիտուլացված Հայաստանի նոր պարգևավճարները. Փաշինյանը ուզում է հեռանա՞լ

Պարգևավճարների թեման միշտ ցավոտ է եղել հասարակության համար: Փաշինյանի իշխանությանը առավել շատ մինչև պատերազմը քննադատել են աջ ու ձախ բաժանված մեծ միջոցների համար, որոնք կարող էին ծառայել ավելի արդյունավետ տեղերում:

Այս թեման առավել ցավոտ և անհասկանալի է դառնում պատերազմից հետո, երբ Հայաստանի խնդիրները մի քանի անգամ ավելի են շատացել: Այն ժամանակ, երբ բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր ծայրերից գումարներ են փոխանցում հիմնադրամներին պատերազմի ողբերգական հետևանքները մեղմելուն օժանդակելու համար, երբ Արցախի հայությունը կանգնած է ձմեռն առանց պատուհանների անցկացնելու վտանգի առաջ, իսկ տասյակ հազարավոր հաշմանդամ դարձած զինծառայողներ բուժման խնդիր ունեն, այս նույն ժամանակահատվածում պետական ապարատում շարունակվում է պարգևավճարներ տրամադրելու «ավանդույթը»։

Պարգևավճարներ բաժանելու հերթական որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 25-ին և որոշել պարգևատրել իր գրասենյակի աշխատողներին՝ հոկտեմբեր ամսվա աշխատանքների համար։

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի», — ասվում է որոշման մեջ։

Այս ժամանակաշրջանում, երբ իշխանության հանդեպ ատելությունը և անվստահությունը հասել է իր առավելագույն սահմանին, երբ քաղաքացիները պահանջում են Փաշինյանի և իր թիմի հրաժարականը՝ Ավինյանը փորձում է գումար ստանալ պետբյուջեից:

Սա չի կարող ավելի մեծ քննադատության պատճառ չդառնալ: Արդյո՞ք Փաշինյանը նման կերպ փորձում է ավելացնել իր հանդեպ դժգոհությունը, ստիպել մարդկանց դուրս գալ փողոց և ըստ այդմ հեռանալ իշխանությունից և առկա բեռից ազատվել, դժվար է ասել: Ամեն ինչ այս իշխանությունից սպասելի է: